Չնայած պատերազմի հարուցած անասելի դժվարություններին, իրավապահ համակարգին հաջողվեց թույլ չտալ ներքին անկայունություն․ ՀՀ գլխավոր դատախազն ուղերձ է հղել Արցախի դատախազության աշխատողի օրվա առթիվ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության դատախազության աշխատողի օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․

 

«Արցախի Հանրապետության դատախազության հարգելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ գործընկերներ.

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության դատախազության օրվա կապակցությամբ: Նախորդ տարվա ծանր և աղետաբեր պատերազմն իր անհերքելի կնիքն է թողել բոլորիս, բայց հատկապես Արցախի հասարակական կյանքի ու կենսագործունեության բոլոր ոլորտների վրա՝ առաջադրելով նոր խնդիրներ և նոր մարտահրավերներ: Դրանք ստիպել են Արցախի դատախազությանը իր գործունեությունն ու  առաջնայնությունները վերակառուցել ըստ Արցախի բնակչության հավաքական անվտանգության, մարդանց կենսական և բացարձակ իրավունքների պաշտպանության նորացված սպառնալիքների ու իրողությունների, պատերազմի արդյունքներին հանգեցրած պատճառներին վերաբերող բազում հարցերի պատասխանները նաև իրավական դաշտում գտնելու հանրային պահանջների:

 

Պատերազմից հետո Արցախի դատախազությունը պատասխանատվության և սեփական առաքելության խորը գիտակցումով է իրացնում վիրավոր Արցախում իրավակարգի ամրապնդման և պաշտպանության, օրինականության երաշխավորման իր գործառույթները՝ ապացուցելով իբրև համակարգ, պետական առանցքային ինստիտուտ կայացածությունը, ձեռք բերած փորձառության արժեքավորությունը, իրենց վստահված «ճակատում» Արցախ աշխարհը ոտքի կանգնեցնելու հարցում դատախազության աշխատակիցների նվիրումը, վճռականությունն ու հավատամքը:   

Դրա վկայությունն է այն անհերքելի փաստը, որ չնայած պատերազմի հարուցած անասելի ծանր դժվարություններին, ի դեմս դատախազության՝ հանրապետության իրավապահ համակարգին հաջողվեց Արցախում թույլ չտալ ներքին անկայունություն, հանցավորության վիճակը պահել լիարժեք վերահսկելիության ներքո: Գործոններ, որոնք ԱՀ զինված ուժերի և ռուսական խաղաղարար ուժերի կողմից ապահովող արտաքին անվտանգության երաշխիքների հետ միասին հանդիսանում են արցախցիների՝ բնականոն կյանքին վերադառնալու, իրենց տանն ու հողին ամուր կառչած մնալու, միով բանիվ՝ Արցախի հայկական շարունակականության կարևորագույն նախապայմաններից: 

Այս հարցում ՀՀ դատախազությունն իրեն առավել պարտավորված է զգում լինելու Արցախի դատախազության կողքին, ձեր դժվարություններն իրենը համարելու և արդեն ձևավորված համագործակցության հարուստ պատմության ու ավանդույթների  հենքի վրա զարգացնելու մեր հարաբերությունները, օժանդակելու ներկայիս գերպատասխանատու շրջափուլում Արցախի մեր գործընկերների կողմից իրենց աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը, մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:

Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ Արցախի դատախազության բոլոր աշխատակիցներին ցանկանում եմ ոգու ամրություն, տոկունություն, համակարգի ներկայիս պատմական առաքելության գիտակցմանը համահունչ՝ Արցախի մեջքն ուղղելու ներքին վստահություն ու դրա իրացման աննահանջ կամք:

Մաղթում եմ արգասաբեր աշխատանք խաղաղ երկնքի ներքո՝ հանուն արցախահայության բարօրության և ազգային նպատակների իրագործման»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.