Շոյգուն հայտարարել է, որ ամերիկյան ռմբակոծիչները մշակել են ՌԴ-ին միջուկային հարված հասցնելու գործողությունը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ օդուժին պատկանող Global Thunder 10 ռազմավարական ռմբակոծիչները, որոնք վարժանքներ են անցկացնում Ռուսաստանի սահմանի մոտակայքում, միաժամանակ արևմտյան և արևելյան ուղղություններից մարզել են Ռուսաստանին միջուկային հարված հասցնելու գործողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերգեյ Շոյգուն այդ մասին ասել է Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենգհեի հետ բանակցությունների ընթացքում: 

Շոյգուի խոսքով՝ ռուսաստանյան զինվորականներն արձանագրել են, որ ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչ ավիացիայի գործողությունները Ռուսաստանի սահմանների մոտ նկատելիորեն ակտիվացել են:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 30 թռիչք է իրականացվել դեպի Ռուսաստանի Դաշնության սահմաններ, ինչը 2,5 անգամ ավելի շատ է, քան նախորդ նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նվազագույն հեռավորությունը մեր պետական սահմանից կազմել է 20 կմ», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 13-ին խոսել էր Սև ծովում Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների զինված ուժերի չպլանավորված զորավարժությունների մասին՝ ասելով, որ թեև դա լուրջ մարտահրավեր է Ռուսաստանի համար, բայց, այդուհանդերձ, դրանց ի պատասխան Սև ծովում ռուսական զորքերի զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չէ՝ իրավիճակը ավելի չսրելու համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.