Սերժ Սարգսյանի օրոք նախաստորագրված համաձայնագիրը ՔՊ-ական իշխանությունները ներկայացնում են՝ որպես իրենց մեծագույն ձեռքբերում

Երեկ Բրյուսելում ՀՀ Արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ու ԵՄ խորհրդում նախագահող Սլովենիայի ԱԳ պետքարտուղար Ստանիսլավ Ռասչանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում ասել է.
«Այսօր Ընդհանուր ավիացիոն համաձայնագրի ստորագրումը ևս մեկ կարևոր նշաձող է Եվրամիության և նրա 27 անդամ երկրների հետ մեր հարաբերություններում։ Մոտ ապագայում սույն Համաձայնագրի վավերացումն ու ուժի մեջ մտնելը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացման համար՝ դյուրացնելով Հայաստանի քաղաքացիների կապը եվրոպական այլ երկրների հետ։ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն՝ ավիացիոն ծառայությունների միասնական շուկային միանալը կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը և կզարգացնի հետագա համագործակցությունն ավիացիոն անվտանգության ոլորտում: Այս ամենից կշահեն ազգային ավիաընկերությունները և, իհարկե, անհատ ճանապարհորդները։ Համոզված եմ, որ Համաձայնագիրը կարևոր նշանակություն կունենա առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և, ընդհանուր առմամբ՝ տնտեսական ու սոցիալական զարգացման խթանման համար, ինչպես նաև կխթանի մարդկանց միջև շփումները և կապահովի ավելի մեծ շարժունակության հնարավորություններ»:

Արարատ Միրզոյանն այնպիսի պաթետիկ ելույթ է ունեցել, կարծես թե ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագրի ստորագրումը եթե ոչ՝ անձամբ իր, վատագույն դեպքում՝ իրենց իշխանության ձեռքբերումն է:

Այս իշխանությունը հենց այդպես էլ կփորձի անել, համաձայնագրի ստորագրումը կներկայացնի՝ որպես իրենց կառավարության նվաճում, այնինչ իրականությունը բոլորովին այլ բանի մասին է խոսում:

 

ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը նախաստորագրվել է 2017թ., այսինքն՝ նախկին իշխանությունների օրոք: Այդ մասին կա պաշտոնական հաղորդագրություն:

«Նոյեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության ավիացիոն համաձայնագրերի վարչության ղեկավար Կառլոս Բերմեջո Ակոստայի ներկայությամբ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵՀ շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության կողմից գլխավոր բանակցող Կլաուս Գեյլը նախաստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը։

Համաձայնագիրը, կողմերի համար սահմանվող մի շարք առավելությունների թվում, նախատեսում է նաև ՀՀ-ի կողմից ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու հնարավորություն, ինչպես նաև Հայաստանում ավիացիոն ոլորտում եվրոպական լավագույն փորձի ներդրում»,-  ասված է 2017թ. նոյեմբերի 24-ին ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Ու հիմա համաձայնագրի մեջ 4 տարվա ընթացքում տեքստային որևէ փոփոխություն չարած այս իշխանությունը ստորագրում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք նախաստորագրված ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը, իսկ գործող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ըստ էության, դա վերագրում է իրենց իշխանությանը:

Եվ սա միակ օրինակը չէ: 4 տարվա ընթացքում նախորդ իշխանությունների թողած կապիտալը մսխող ՔՊ-ական իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որևէ քիչ թե շատ դրական քայլ, որ արվում է պետական կառավարման որևէ ոլորտում, վերագրում է իրեն, այնինչ ըստ էության դրանք անցյալում բանակցված, ինչ-որ հանգրվան եկած նախագծեր են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.