ՊՆ-ից ճշգրիտ ինֆորմացիայի պակաս կա. Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է պաշտոնական աղբյուրներից մատուցվող՝ սահմաններում տիրող իրավիճակին առնչվող ինֆորմացիային ու տեղեկատվական անվտանգության խնդրին։

Առաջին հերթին պաշտոնական աղբյուրներից, մասնավորապես ՊՆ-ից ճշգրիտ ինֆորմացիայի պակաս կա։ Առաջին խնդիրը մամլո խոսնակի բացակայությունն է ամիսներ շարունակ և հասկանալի չէ, թե ով է կատարելու այդ գործառույթը և ով է առհասարակ պատասխանատու տեղեկատվական քաղաքականության համար, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

«ՊՆ-ին առնչվող երկրորդ խնդիրը պատերազմի ժամանակ տեղեկատվական դաշտում գործած սխալների վրա չսովորելն է, դասեր չքաղելն ու վերլուծություն չանելը։ Արդեն ակնհայտորեն պարզ է, որ քաղաքացիներն ունեն տեղեկատվություն ստանալու այլընտրանքային միջոցներ։ Երբ ցածր վստահելիություն ունեն պաշտոնական աղբյուրները, մարդիկ գնում են այլընտրանքային ինֆորմացիայի ետևից»,- նշեց ադրբեջանագետը։

 
 

Ըստ նրա` երրորդ խնդիրը կապված է ՊՆ-ի և մյուս գերատեսչությունների տեղեկատվություններում առկա հակասությունների հետ, որովհետև երբ ՊՆ-ն ինչ-որ բան հերքում է, իսկ հաջորդ օրն անվտանգության նիստի ժամանակ այդ ամենը հաստատվում է, ապա պարզ է, որ հասարակությունը պետք է վստահելիության խնդիր ունենա։

«Պետական տեղեկատվական քաղաքականությունը պետք է ամբողջովին փոխվի, և հասարակությանը շատ արագ պետք է տրամադրվի օբյեկտիվ, ճշգրիտ տեղեկատվություն, որպեսզի մարդիկ հաճախակի չգնան թշնամու քարոզչական խայծերը կուլ տալու, որովհետև ադրբեջանական կայքերը կարող են նաև ապատեղեկատվություն կամ մասնակի օբյեկտիվ տեղեկություններ պարունակող նյութեր տարածել։

Ադրբեջանցիները կարող են նպատակաուղղված կերպով խուճապ առաջացնող ինֆորմացիա տարածել, ինչը վտանգավոր է հոգեբանական բարդ իրավիճակում հայտնված մեր հասարակության համար»,- ասաց ադրբեջանագետը։

Էլիբեգովայի գնահատմամբ` Ադրբեջանում ինֆորմացիան համակարգված է և կա շատ հստակ, խիստ մոտեցում պաշտոնական, առավել ևս՝ անվտանգության ու պաշտպանության հարցերի վերաբերյալ։ Այնտեղ ՊՆ-ի մատուցած տեղեկատվությունը շատ կարևոր է, և ԶԼՄ-ները պարտավոր են առաջնորդվել դրանով, բայց այդ տեղեկատվությունը մեզ համար չպետք է անվերապահ լինի։ Այդուհանդերձ Ադրբեջանն աշխատում է ավելի արագ, և ցավոք, միջադեպերի մասին մեր քաղաքացիներն իմանում ենք նախ թշնամու լրատվամիջոցներից։

Ադրբեջանագետի համոզմամբ`ստեղծված իրավիճակում հայկական կողմը չպետք է իր հասարակությանը խաբի, և եթե ՊՆ-ն սկսի արագ և ճշգրիտ տեղեկություններ տրամադրել հանրությանը, ապա վստահության վերականգնման գործընթացը կընթանա ավելի արագ։

armeniasputnik.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.