Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ից ո'չ հայտարարություն ենք լսել, ո'չ գործողությունների հստակ գործիքակազմ, օր առաջ թող գոնե իրենց գնահատականներով կանխեն այս լարվածությունը. Անդրանիկ Քոչարյան

Այսօրվա լարված իրավիճակը մեր ինքնիշխան տարածքում բոլորիս պահում է լարվածության մեջ և առաջին հերթին Զինված ուժերին։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

 

«Իմ ելույթում ուզում եմ մի քանի արձանագրումներ անել։ Նախ ուզում եմ նշել, որ մենք ՀԱՊԿ հիմնադիր անդամ ենք, անկախ նրանից, թե այդ կազմակերպության մեջ ինչ այլ պետություններ են ընդգրկված։ Այնտեղ ընդգրկված մեր հիմնական ռազմավարական գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որը, լինելով ՀԱՊԿ անդամ, ունի լիարժեք մեծ փաթեթ ՀԱՊԿ անդամ պետության սահմաններում այսպիսի լարվածությունները իր գործողություններով կանխելու։ Այս պահի դրությամբ ո'չ հայտարարություն ենք լսել, ո'չ գործողությունների հստակ գործիքակազմի կիրառման հնարավորություն, էլ չեմ ասում մշտադիտարկման խնդիրը ամիսներ շարունակ կախված է եղել ՀԱՊԿ-ի առջև։ Եթե մշտադիտարկման փուլը մենք իրականություն դարձրած լինեինք, կարծում եմ երբեք հակառակորդը մեղադրանք չէր կարող ներկայացնել Հայաստանի ԶՈւ նկատմամբ»,-ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ այս լարվածությունը կհաղթահարենք միասնաբար այդ միասնականությունից է կախված` Զինված ուժերը միայնակ կմնան, թե ոչ։

 

«Մենք բոլորս պետք է ԶՈւ ենթակա մարմին լինենք, լինի դա ԱԺ, կառավարություն, թե սովորական քաղաքացիներ։ Հուսով եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից կլինեն հայտարարություններ, սակայն խնդիրը լուծվելու է մեր միասնականությամբ և մեր միջազգային գործընկերների պարտականությունների տիրույթում։ Մեր մտահոգությունները ոչ միայն հիմնավորված են, այլև դրանք կարող են  հանրային տրամադրությունների վրա։  Թող բոլորը գիտակցեն, որ եթե մենք գտնվում ենք մի տիրույթում, որտեղ գոյություն ունի անվտանգության գործիքակազմ, այդ  տիրույթը ունի պարտավորություններ, ինչպես նաև մենք` այդ տիրույթում եղած մյուս պետությունների նկատմամբ։ Օր առաջ թող գոնե իրենց գնահատականներով կանխեն այս լարվածությունը, որովհետև, եթե այն չկանխենք, ավելի մեծ ծավալներ կընդունի։ Մեծ լարվածությունը լրացուցիչ զոհեր են, իսկ զոհեր թե' մեր, թե' հակառակորդի կողմից ցանկալի չեն»։

Քոչարյանը շեշտեց, որ  մենք պետք է պահպանենք հրադադարի ռեժիմը, որպեսզի տարածաշրջանը հեռու պահենք ռազմական բնույթի  ավելի մեծ ցնցումներից։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.