2018-ին էր պետք հայտարարել, որ եկել եք իշխանության` խաղաղության այս օրակարգով, և ժողովուրդը որոշեր` ուզո՞ւմ է խաղաղության համար վճարել այդ գինը. Թագուհի Թովմասյան

Կառավարությունը որևէ կերպ չցանկացավ մասնակիցը դառնալ այս հանդիպմանը և պարզաբանումներ տալ ՀՀ սահմանի փոփոխության վերաբերյալ։ Այս մասին մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

 

«Պետք է արձանագրենք, որ տեղի է ունեցել դեմարկացիա և դելիմիտացիա, փաստացի Հայաստանի սահմանները փոփոխվել են, մենք նոր ճանապարհ ենք մեզ համար կառուցել և այս բոլոր գործընթացների համար չունենք որևէ իրավական հիմնավորվածություն։ Ինչ հիմքով է հայտարարվել, որ այդ տարածքը Ադրբեջանինն է։ Գլխավոր դատախազությունը պետք է քրեաիրավական գնահատական տա այս ամեն ինչին»,- ասել է նա:

Թովմասյանը շեշտեց` գուցե Անվտանգության խորհրդի քարտուղարը պարզաբանի` այդ մաքսատուրքերը մեր քաղաքացիները ի՞նչ արտարժույթով են վճարելու և որքա՞ն են վճարելու.

 

«Սա զավեշտալի է։ Զավեշտալի է նաև այն, թե ինչ է լինելու, եթե քաղաքացիները չվճարեն այդ մաքսատուրքը, ո՞ւմ են դիմելու իրենց իրավունքների ոտնահարման դեպքում։ Հարցեր կան, որոնք բարձրաձայնելու և լուծման կարիք ունի։ Այսպես լռելով և կառավարության նիստի ժամանակ վիճահարույց հարցեր առաջ քաշելով մենք չենք կարող երկար առաջ գնալ»։

Պատգամավորը արձանագրեց, որ խաղաղության օրակարգը չի ձևավորվում պատերազմի սպառնալիքի տակ։

«Եթե ունեիք խաղաղության օրակարգ, պետք էր հայտարարել դրա մասին 2018-ին, որ եկել ենք իշխանության` խաղաղության օրակարգով և սա է խաղաղության գինը։ Ժողովուրդը թող տար իր գնահատականը և կատարեր իր ընտրությունը` ուզում է խաղաղության համար վճարել այդ գինը, թե ոչ։ Այս իրավիճակում հայտարարել, որ ունենք պողպատե մանդատ, որևէ մեկին իրավունք չի վերապահում միանձնյա որոշում կայացնել ՀՀ պետական սահմանների փոփոխության մասով։ Մենք վերջիվերջո ունենք Սահմանադրություն»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.