Դեմարկացիան առաջինը պետք է ՀՀ-ին, դա ավելի անվտանգ է դարձնելու մեր սահմանները, ինչն այսօր չունենք. Արսեն Թորոսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում հորդորել էր «տուրք չտալ անհայտ աղբյուրից արտահոսքերին», այլ կերպ ասած՝ մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե 2021թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ևս մեկ փաստաթուղթ է ստորագրվելու, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչելու են միմյանց տարածքային ամբողջականությունը, տրվելու է սահմանազատման և սահմանագծման մեկնարկը: Թորոսյանը նաև նշեց, թե տեղեկություն չունի՝ արդյո՞ք նախատեսվում է Մոսկվայում Պուտինի միջնորդությամբ Փաշինյանի ու Ալիևի հանդիպում, թե՞ ոչ:

 

Այդուհանդերձ Թորոսյանն իր խոսքում նշել էր, որ, եթե անգամ փաստաթուղթ ստորագրվի, դրանում նորություն չկա:

«Վարչապետի օտարերկրյա այցերը պատշաճ տեղեկացվում են հանրությանը, այդ թվում՝ բովանդակության առումով, բայց նաև ուզում եմ անդրադառնալ այդ, այսպես կոչված, արտահոսքի բովանդակությանը, որովհետև բոլորին հայտնի է, որ, օրինակ, կոմունիկացիաների բացման նպատակով եռակողմ ֆորմատ կա՝ հայ-ադրբեջանա-ռուսական, որը աշխատանքներ է իրականացնում, և այդ աշխատանքների իրականացման ամբողջ նպատակը վերջում ինչ-որ արդյունքի հասնելն է և այդ կոմունիկացիաները բացելը: Ու եթե, օրինակ, ինչ-որ մի օր փաստաթուղթ ստորագրվի կամ առանց փաստաթուղթ ստորագրելու բացվեն կոմունիկացիաները, ապա այդտեղ նորություն չկա, և պետք չի դա ներկայացնել՝ որպես ինչ-որ ժողովրդի թիկունքում արված գործողություն, որովհետև շատ հրապարակային է արվել՝ սկսած այս թվի հունվարի 11-ից, երբ վարչապետը, Ադրբեջանի նախագահը և Ռուսաստանի նախագահը հանդիպեցին ու պայմանավորվեցին դրա մասին Մոսկվայում:

Նույնը վերաբերում է դելիմիտացիայի ու դեմարկացիայի պրոցեսին: Բազմիցս վարչապետը դրա մասին հայտարարել է, մենք էլ ենք դրա մասին հայտարարել, որ դելիմիտացիա և դեմարկացիա առաջինը պետք է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև դա ավելի անվտանգ է դարձնելու մեր սահմանները, ինչը մենք այսօր չունենք: Այսինքն՝ չունենք դելիմիտացված և դեմարկացված սահմաններ Ադրբեջանի հետ: Եվ հետևաբար՝ դա էլ պետք չի ներկայացնել՝ որպես ինչ-որ թաքուն գործողություն, եթե ինչ-որ մի օր տեղի ունենա, սակայն այսօր դրա մասին խոսելը դեռ վաղ է: Կարծում եմ՝ պետք է հետևել պաշտոնական լրահոսին՝ Արտգործնախարարության, ինչո՞ւ ոչ՝ վարչապետի աշխատակազմի, և այդպիսի առիթ լինելու դեպքում անպայման հանրությունը կտեղեկացվի: Բայց նորից կրկնում եմ՝ արդեն տեղեկացված լինելով, որ մեզ են այդ երկուսը պետք»,- ասաց Արսեն Թորոսյանը:

 

Անդրադառնալով հայտարարություններին, թե այս արտահոսքն իշխանությանն էր պետք, ու հենց իշխանությունն է դա կազմակերպել՝ հանրային տրամադրությունները ստուգելու համար, Թորոսյանը նշեց, թե «արտահոսքի կազմակերպման նպատակը մենք ուղիղ անում ենք, այսինքն՝ մենք էս մի տարի է՝ արդեն խոսում ենք դրա մասին, և հավելյալ ինչ-որ արտահոսքերի կարիք չկա»:

«Նման արտահոսքեր շատ են եղել: Սա առաջին դեպքը չի, երբ էլի կրկին ինչ-որ այցելությունների մասին իմանալուց միանգամից ասվել է՝ «այ, տեսեք, հիմա այս այցի ժամանակ ևս մեկ փաստաթուղթ է ստորագրվելու», որը տեղի չի ունեցել:

Չնայած որ, նորից եմ կրկնում՝ եթե այդ փաստաթղթերը իմ ասած գործի համար  արվում է, ապա էդտեղ ոչ մի նոր և վատ բան չկա»,- ասաց իշխանական պատգամավորը:

Երբ լրագրողը մեջբերեց ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հայտարարությունը, թե սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներում երկու կողմից ու Ռուսաստանից զատ որևէ պետություն միջամտություն չպետք է ունենա, որովհետև քարտեզները պահվում են ՌԴ Գլխավոր շտաբում, Թորոսյանը դա «շատ բնական» որակեց, նշեց, որ Սովետական Միության 2 խորհրդային հանրապետությունների՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է պահվեր Խորհրդային Միության մայրաքաղաքում՝ «կոնկրետ այս դեպքում, օրինակ, ՌԴ գլխավոր շտաբում»:

Հարցին, թե Երևանի օրակարգում չկա՞ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցի քննարկում, արձագանքեց.

«Ես այդ հարցին տենց ավել մեկնաբանություն չունեմ, քան ասեցի: Մեզ անհրաժեշտ է, որպեսզի մեր սահմանները լինեն ճանաչված մեր հարևանների կողմից, որպեսզի նրանց նկատմամբ վտանգ չսպառնա, և որևէ մեկը որևէ ֆորմատով չասի, որ՝ «գիտե՞ք, քանի որ սահման չկա, ապա ի՞նչ իմանանք՝ մենք ձեր տարածքո՞ւմ ենք, թե՞ դուք եք մեր տարածքում»»:

Մյուս հարցին, թե ՌԴ նախագահ Պուտինի խոսքով՝ սահմանների ճշգրտման աշխատանքները լինելու են զիջումների, փոխզիջումների համատեքստում, կարո՞ղ ենք ասել, որ զիջող կողմը մենք չենք լինելու, կամ, եթե մենք ենք լինելու, ապա ի՞նչ ենք զիջելու, Թորոսյանը հորդորեց հարցին այդ պրիզմայից չնայել.

«Գիտեք, վերացական հարցերին, ինձ թվում է՝ իմաստ չունի պատասխանել, որովհետև ամեն ինչ շատ առարկայական պետք է լինի: Եթե զիջել, փոխզիջել՝ ի՞նչ է նշանակում: Բայց փաստ է այն, որ դելիմիտիացիայի և դեմարկացիայի պրոցեսը միամոմենտ և, այսպես կոչված, կարճատև մի բան չի: Դրա շուրջ պայմանավորվելուց հետո պետք է երկկողմ, այս դեպքում՝ եռակողմ պրոցես տեղի ունենա, որի ժամանակ ամեն կոնկրետ դեպքով պետք է որոշումներ կայացվեն և վերջում նոր փաստաթուղթ ստորագրվի երկկողմանի՝ բոլոր կոնկրետ դեպքերում որոշում կայացնելուց հետո՝ թե՛ հողի վրա, թե՛ թղթի վրա, և այդ ժամանակ նոր կարող ենք ասել՝ մենք ինչ ստացանք կամ ինչ կորցրեցինք:

Բայց ես չեմ ուզենա, որ մենք այդ պրիզմայով նայենք հարցին: Կարևորը, որ մեր հայ-ադրբեջանական սահմանը, ընդհանրապես մեր բոլոր հարևանների հետ սահմանները լինեն իրավական առումով փոխճանաչված՝ երկու կողմից, և գետնի վրա գծված: Մենք այդ ամեն ինչը պետք է անենք»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ իրեն հասանելի չէ որևէ տեղեկություն նոյեմբերի 9-ին հնարավոր եռակողմ հանդիպման մասին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.