Մեկ անձից գնում՝ 988 մլն 250 հազար դրամ՝ «Եռաբլուր»-ում սև գրանիտե քարեր տեղադրելու համար

Կառավարությունը նորից փոփոխություն է կատարել 2021թ. պետական բյուջեի մասին օրենքում և Պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշում է կայացրել: Կառավարության հատկացրած 988 մլն 250 հազար դրամը տրամադրվելու է «Ադանա» ՍՊԸ-ին՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում զոհերի շիրմաքարերի համար 6 տարբերակ քարատեսակները մատակարարելու և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղադրելու համար՝ ըստ համապատասխան ձևաչափերի: Գրավոր ընթացակարգով քննարկման ներկայացված նախագծի հիմնավորումներում որևէ տող չկա, որ քարատեսակները մատակարարող և տեղադրող ՍՊԸ-ն ընտրվել է հայտարարված մրցույթի արդյունքում, նշված է միայն, որ առաջարկվել է՝ հուշաքարերի ձեռքբերումն օրենքով սահմանված կարգով իրականացնի «Ադանա» ՍՊԸ-ն: Կառավարության ընդունած որոշմամբ թույլատրվում է Պաշտպանության նախարարությանը մինչև 988 մլն 250 հազար դրամի չափով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում շիրմաքարերի և դրանց լրակազմերի գնումն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա: Ըստ նշված հոդվածի՝ «Գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել»: Այսինքն՝ որոշում է կայացվել իրականացնել գնում մեկ անձից՝ «Ադանա» ՍՊԸ-ից:

 

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշված են մանրամասներ ողջ գործընթացի մասին, մասնավորապես.

«Առաջարկվել է նաև հատկացնել կանխավճար՝ առանց կանխավճարի ապահովման երաշխիքի ներկայացման, քանի որ «Ադանա» ՍՊԸ-ի հետ աշխատանքային քննարկման արդյունքում վերջինս հայտնել է, որ կանխավճարի ապահովման երաշխիքի ներկայացման դեպքում վերոհիշյալ գները կավելանան: Հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը, ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից որոշում կայացվեց առանց կանխավճարի ապահովման, տրամադրել 100 տոկոս կանխավճար՝ պայմանի չկիրառման դեպքում առաջացող հնարավոր ռիսկերը կառավարելու նպատակով սահմանելով համապատասխան վերահսկողություն»:

Կառավարությունը նաև թույլատրել է պաշտպանական գերատեսչությանը գնման պայմանագրով նախատեսել կանխավճար՝ պայմանագրի գնի մինչև 100%-ի չափով:

Հետաքրքիր է, որ որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ նախ 2021թ. հուլիսի 15-ին շինարարական չորս կազմակերպության հետ («Աբակ», «Ֆռստռեզեռվ», «Մետալշին» և «Գոռտիգ» ՍՊ ընկերություններ) կնքվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կապալային աշխատանքների կատարման պետական պայմանագրեր, որոնցով սահմանվում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն պարտավոր է նախապես համաձայնեցված նախագծային լուծումներով և առանձնացված տեղամասերում իրականացնել գերեզմանների կառուցման աշխատանքները, ներառյալ հաստատված ձևաչափերով հուշաքարերի տեղադրումը, ապա ինչ-ինչ հարցեր կարգավորելու համար գնացել են այդ ընկերությունների հետ պայմանագրերի լուծման ու ընտրել են մեկ այլ ընկերություն՝ գործընթացը կյանքի կոչելու համար:

 

«Հաշվի առնելով, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիմնականում տեղադրված են բազալտե քարատեսակից պատրաստված շիրմաքարեր, որոշվել է նոր կառուցվող հուշահամալիրում ևս տեղադրել նույն քարատեսակի հուշաքարեր: Թեև հուշաքարերը հատակագծվել էին` քննարկելով դրանք զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ և համաձայնեցվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր ճարտարապետ Ա.Մխիթարյանի հետ, զոհվածների հարազատների կողմից բազալտե քարերի վերաբերյալ բարձրացված դժգոհության ալիքի արդյունքում վերջիններիս ցանկությամբ որոշում է կայացվել բազալտե քարերը փոխարինել սև գույնի գրանիտե քարերով:

Ներկայումս, իրականացվող կառուցապատման աշխատանքների ընթացքում, հարազատների կողմից կրկին անգամ բարձրացվել են շիրմաքարերի քարատեսակի և ձևաչափի հետ անհամաձայնության ու դրանց վերանայման բազմաթիվ պահանջներ: Ընդառաջելով զոհվածների հարազատների ցանկությանը, խնդրի բավարարման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ տեղում տեղադրվել էին մի շարք անձանց կողմից տարբեր քարատեսակներով և ձևաչափերով պատրաստված հուշաքարերի նմուշներ, ինչպես նաև մատյաններ, որտեղ զոհվածների հարազատները ներկայացրել են իրենց առաջարկները:

Ամփոփելով բոլոր առաջարկները, առաջացել է թվով 6 տեսակի շիրմաքարերի և դրանց լրակազմերի (նկարաքար, տապանաքար, պատվանդան, ծաղկաման, խնկաման, գունավոր նկար) ձեռքբերման ու տեղադրման անհրաժեշտություն…

Ներկայումս թվով չորս՝ «Աբակ», «Ֆռստռեզեռվ», «Մետալշին» և «Գոռտիգ» ՍՊ ընկերությունների կողմից իրականացվում են հողային, բետոնալցման, ինչպես նաև բազալտե հարթակի կառուցման աշխատանքները, սակայն զոհվածների մի խումբ հարազատների կողմից, բացի շիրմաքարերի քարատեսակի և ձևաչափի փոփոխման պահանջներից, պարբերաբար ներկայացվում են նաև զգալի հողային և բետոնացման աշխատանքների պահանջներ և պարտադրանքներ: Արդյունքում առաջանում են աշխատանքների նախագծային ու ծավալային շեղումներ, ինչպես նաև զգալի ֆինանսական լրացուցիչ միջոցների նախատեսման անհրաժեշտություն, որոնք լուրջ խոչընդոտ են հանդիսանում շինարարական կազմակերպությունների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման համար:

Պայմանագրերով նախատեսված քարատեսակով և ձևաչափով հուշաքարերն այլ տարբերակներով փոխարինման անհրաժեշտության հարցը քննարկվել է «Եռաբլուր» պանթեոնում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ: Տեղեկանալով, որ վերջիններս չունեն նոր ձևաչափերով շիրմաքարերի և դրանց լրակազմերի պատրաստման և մատակարարման հնարավորություն, որոշվել է օրենքով սահմանված կարգով մասամբ՝ հուշաքարերի պատրաստման և տեղադրման մասով կամ լուծել կնքված պայմանագրերը, կամ էլ այդ նպատակով նախատեսված ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այն ինքնաբերաբար կլուծվի»,- նշված է նախագծի հիմնավորումներում:

Նախագծի ընդուման դեպքում հեղինակները որպես արդյունք ՝ ««Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների շիրմաքարերի և դրանց լրակազմերը կտեղադրվեն հարազատների կողմից ներկայացված պահանջներին համապատասխան և չեն առաջացնի դժգոհություններ»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.