Ավելացել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները, պետական մարմինները վատ են աշխատում. ԽԱՊԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցի համաձայն` 2021 թվականի երրորդ եռամսյակում նախորդ եռամսյակների համեմատ նվազել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերը, այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

2021 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության  3 դեպք, 2021 թվականի 2-րդ եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 8:

Նվազել են նաև ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերը: Մասնավորապես,  3-րդ եռամսյակում գրանցվել է նման 20 դեպք: Այս ցուցանիշը երկրորդ եռամսյակում եղել է 43:

Ի տարբերություն այս երկու ցուցանիշների, կտրուկ աճ է նկատվել տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների պարագայում: Մասնավորապես, ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում գրանցվել է նման 37 դեպք: Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 15-ական դեպք եղել է ընթացիկ տարվա նախորդ եռամսյակներին: 

Աշոտ Մելիքյանը նաև նշեց, որ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ պետական մարմինները վատ են աշխատում:

«Լրագրողների հետ երկխոսությունը, համագործակցությունը, մեծ հաշվով չի կայացել: Այնինչ, հարցերը բազմաթիվ են՝ հետպատերազմյան շրջանի, տարածաշրջանային, սոցիալական խնդիրների հետ կապված: Հասկանալի է, որ լրագրողներն ակտիվորեն հարցումներ են ուղարկում պետական մարմիններին, այնինչ, կա՛մ պատասխանները ուշացվում են, կա՛մ արհամարհվում են, կամ լղոզված են գալիս: Այդ փաստերը մենք արձանագրել ենք»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

2021 թվականի 3-րդ եռամսյակում վիրավորանքի և զրպարտության հիմքով ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական հայցերի թիվը կազմում է 15: Այս ցուցանիշը երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է: Երկրորդ եռամսյակում գրանցվել էր 23 հայց: Աշոտ Մելիքյանի խոսքով, 15 նոր հայցը նույնպես մտահոգիչ ցուցանիշ է: Դիտարկմանը, թե արդյոք սա վկայում է խնդիրներն իրավական դաշտում լուծելու նոր մշակույթի ձևավորման մասին, Աշոտ Մելիքյանը նշեց, որ այդպիսի միտում կարող ենք արձանագրել:

«Ամեն դեպքում ֆիզիկական բռնությունների քանակն այն չէ, ինչ երկու, երեք տարի առաջ էր: Նշեմ, որ դատական հայցերի մեծ մասը ներկա և նախկին պաշտոնյաների, պետական մարմինների կողմից է: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ բավական ակտիվ է այդ հոսքը հենց պաշտոնյաների ու քաղաքական գործիչների կողմից»,-ասաց Աշոտ Մելիքյանը: 

Աշոտ Մելիքյանի խոսքով, 2021 թվականի երրորդ եռամսյակը լրատվամիջոցների ու լրագրողների համար խիստ մտահոգիչ էր նախ և առաջ նրանց նկատմամբ կիրառվող նոր սահմանափակումների առումով։  Ութերորդ գումարման Ազգային ժողովի ղեկավարությունը հուլիսի 30-ին ընդունեց երկրի օրենսդիր մարմնում նախադեպը չունեցող մի որոշում, որով սահմանափակեց խորհրդարանի շենքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների ազատ տեղաշարժն ու աշխատանքի հնարավորությունները՝ կապված պատգամավորներից մեկնաբանություններ և հարցազրույցներ վերցնելու, մշտական հանձնաժողովների նիստերը և այլ քննարկումները լուսաբանելու հետ։

Աշոտ Մելիքյանն անդրադարձավ նաև օգոստոսի 30-ին ուժի մեջ մտած Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին, որով քրեականացվեց անձին հրապարակայնորեն ծանր վիրավորանք հասցնելը, ինչի համար սահմանվել են տարբեր չափերի տուգանքներ, իսկ որոշ դեպքերում մինչև 3 ամիս ազատազրկում։ Նա նկատեց, որ այս նախագծերի փաթեթը լրագրողական կազմակերպությունները գնահատել են հետընթաց: 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.