ՊՆ–ն նպատակահարմար չի համարում իմ այցն առաջնագիծ․ սա նշանակում է, որ սահմանում այնպիսի վիճակ է, որը տեղում ֆիքսելը կարող է իրենց քաղաքական առաջնորդի համար խնդիրներ ստեղծել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Պաշտպանության նախարարն արձագանքել է ԳՇ պետին ուղղածս գրությանը՝ նշելով, որ նպատակահարմար չի համարում իմ այցն առաջնագիծ։

Ես չգիտեմ, թե ինչով է զբաղված ԳՇ պետը՝ բացի իր ոլորտում անկարողություն, թուլություն և պաշտոնական դիրքին անհամապատասխանություն դրսևորելուց, բայց իր փոխարեն վերադասն է արձագանքել։

Ուրեմն սրանք իրենց անփառունակ գործունեությունը և ծառայության նկատմամբ ոչ հարիր կեցվածքը քողարկելու համար որոշել են խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցչի մուտքն առաջնագիծ փակել։

Սա նշանակում է, որ սահմանային հատվածում այնպիսի վիճակ է, որը տեղում ֆիքսելը կարող է ոչ միայն այս երկուսի, այլ իրենց քաղաքական առաջնորդի համար խնդիրներ ստեղծել և որպես «լուծում» ԳՇ պետը նախ խախտում է օրենքը՝ պատգամավորի գրությանը սահմանված ժամկետում չպատասխանելով, իսկ ավելի ուշ Պնախարարն արձագանքում է, թե պատգամավորի այցն առաջնագիծ նպատակահարմար չեն համարում։

Ի դեպ, այսօր խորհրդարան էր եկել պաշտպանության փոխնախարարը, ով բացի իր բերած նախագծից, իր ոլորտին վերաբերող որևէ հարցի ադեկվատ չարձագանքեց։

 

 

Սա է երկրի վիճակը, սա է անվտանգության բլոկի դեմքերի վերաբերմունքն ու անպատասխանատու կեցվածքը երկրի առաջ առկա սպառնալիքներին»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.