Իշխանությունները կհայտարարեն, թե տեսեք՝ այնքան ժողովրդավարական ենք, որ ընդդիմախոսները մեզ հաղթում են․ իրականում նրանք չունեն այն մեծ սատարումը, որը փորձում են ներկայացնել․ Շարմազանով

«Գրեթե համոզված եմ, որ հիմա իշխանություններն ու նրանց գլխավոր ղեկավարը կհայտարարեն, որ տեսեք՝ մենք այնքան ժողովրդավարական ենք, որ մեր ընդդիմախոսները մեզ հաղթում են։ Դա ամենևին այդպես չէ, դա սրտի մխիթարանք է»,- 24news.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գյումրիում և Գորիսում կայացած ՏԻՄ ընտրություններում իշխանության պարտությանը՝ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա ընդգծել է, որ մամուլն էլ ողողված է նյութերով, թե իշխանությունն իրականում ինչ ահռելի վարչական ռեսուրս է կիրառել ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ հատկապես Գորիսում։

 

«Պարզապես գորիսեցիները և գյումրեցիները ամուր կանգնել են իրենց սկզբունքային դիրքերի վրա և «ոչ» են ասել այս ազգակործան իշխանությանը»,- ասել է Շարմազանովը։

 
 

ՏԻՄ ընտրություններում իշխանության գրանցած ցուցանիշը Էդուարդ Շարմազանովը պայմանավորել է հասարակության մեծացող հիասթափությամբ։

«Իհարկե, սա ցույց է տալիս, որ Գորիսում, Գյումրիում իշխանությունը չունի այն մեծ սատարումը, որն իրենք փորձում են ներկայացնել։ Միևնույն ժամանակ, սակայն, չպետք է ներկայացնել, որ սրանց վռնդումը ժամերի հարց է։ Պետք է ռացիոնալ նայել։ Ակնհայտ է մի բան, որ այն դժգոհությունը, վրդովմունքը, որը կա այս ռեժիմի նկատմամբ, պահպանվում է, որ իշխանություն կոչվածը չունի մեծամասնության սատարումը, և դրա վառ ապացույցը նաև Գյումրիում ընտրություններին շատ փոքր մասնակցությունն էր։ Ես չեմ հիշում՝ Գյումրիում երբ է այդքան քիչ մասնակցություն եղել։ Իսկ մարդիկ ե՞րբ չեն մասնակցում․ երբ որևէ հույս չեն կապում։ Սա է խնդիրը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.