ՀՀ-ի մասնավոր ընկերություններն ավելի մատչելի միջազգային վարկանիշ ստանալու հնարավորություն են ստացել. դրանք դրսից ավելի էժան վարկեր կստանան. Կառավարության հերթական նիստը

Standard & Poor's միջազգային գործակալությունը վարկանիշ է շնորհել ՀՀ-ին: Կառավարության հերթական նիստի ընթացքում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մեկնաբանեց, որ առաջին տարին է, որ այդ կազմակերպությունը վարկանշել է ՀՀ-ին և շնորհել արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով:

 

«Այս դրական հեռանկարն արտահայտում է կազմակերպության գնահատականն  այն մասին, որ ՀՀ-ում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված գործոնները գերակշռող են և առաջիկա 12 ամսվա ընթացքում կարող են բերել ՀՀ-ի սուվերեն վարկանիշի բարձրացմանը: Կազմակերպությունը նշել է, որ հետագա 2–3 տարիների ընթացքում, եթե Հայաստանում արդարացվեն տնտեսական աճի սպասումները, արտաքին խոցելիությունը նվազի, և պետական բյուջեի կատարողականը լինի սպասվածից դրական, ապա դա կբերի նաև երկրի սուվերեն վարկանիշի հետագա բարելավմանը»,-ասաց նա:

Խաչատրյանի խոսքով՝ Standard & Poor's միջազգային գործակալության գնահատականը հիմնված է այն գնահատականների վրա, որ, չնայած արտաքին էական ճնշումներին, ՀՀ-ն հաղթահարել է համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները՝ առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը:

 

«Standard&Poors-ի հետ Հայաստանի համագործակցությունը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը և կարագացնի այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը՝ հաշվի առնելով, որ սուվերեն վարկանիշը ձեռք է բերվել նաև մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշ ստանալու հնարավորություն ապահովելու և դրա ներքո տեղական և միջազգային կապիտալի շուկաներ դուրս գալու նպատակով»,-ասաց նախարարը՝ նշելով, թե հիմնական առանձնահատկությունն այն է, որ ՀՀ մասնավոր հատվածի կազմակերպությունները, այդ թվում՝ ֆինանսական, ավելի մատչելի միջազգային վարկանիշ ստանալու հնարավորություն են ստացել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այս վարկանշման արդյունքում Հայաստանի ընկերությունները դրսից ավելի էժան վարկեր կստանան, որովհետև, երբ միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպությունները երկիրը գնահատում են որպես հուսալի գործընկեր, շուկաներում ավելի ցածր տոկոսով են գումարներ առաջարկվում ընկերություններին:

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.