Մենք մշտապես պետք է մի բան ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի, դրանցով նախևառաջ մեր ռազմագերիները պետք է վերադառնան․ Ալեն Սիմոնյան

Ես կարող եմ ասել, որ մեր ռուս գործընկերների մոտ կա հստակ ընկալում իրավիճակի և այն պատկերացումները, իրավիճակի գնահատականները որոնք որ մենք ունենք, կարող եմ ասել, որ գրեթե ամբողջությամբ մեր ռուս գործընկերները կիսում են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

Նա նշեց, որ ռուս գործընկերների կողմից կա պատրաստակամություն՝ աշխատելու առկա հարցերի լուծման ուղղությամբ և վստահեցրեց, որ դա շոշափելի կտեսնենք առաջիկայում։ «Կարող եմ հիմա էլ փաստել, որ թե՛ պատերազմից առաջ, թ՛ե պատերազմից հետո Ռուսաստանի դերակատարումը եղել է բավականին մեծ, և, կարելի է  ասել, որոշ դեպքերում ամենաորոշիչը»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է Մարտակերտում քաղաքացիական անձի զոհվելուն և դեպքի ժամանակ   ռուս խաղաղապահների ներկա լինելուն, Ալեն Սիմոնյանն ասաց, որ իր ունեցած տեղեկություններով՝ քննություն է տեղի ունենում և այդ դեպքի անմիջական մասնակիցներ հեռացվել են իրենց պաշտոններից։

 

Անդրադառնալով ռազմագերիների հարցին՝ նա ասաց, որ ռազմագերիները վաղուց պետք է  վերադարձվեին ամբողջությամբ և Ադրբեջանը փաստացի չի կատարում իր կողմից ստանձնած և ռուս գործնկերների մոտ ընկալումը։ «Այսօր երբ մենք խոսում ենք ճանապարհների բացման, հարաբերությունների և խաղաղության մասին, մենք մշտապես պետք է մի բան ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի, դրանցով, նախևառաջ, մեր ռազմագերիները պետք է վերադառնան»,–ասաց նա։

ԱԺ նախագահը նշեց, որ կին ռազմագերու մասին ինֆորմացիան ադրբեջանական կողմը չի հաստատում։ «Ես մեծ հույսեր և վստահություն ունեմ, որ այդ ռազմագերի բառակապակցությունը միգուցե կթողնենք անցյալում, համենայնդեպս դրա համար ամեն ինչ անում ենք»,–ասաց նա;

Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ իր եղբայրը ասֆալտապատման գործարանի տնօրեն է, և այդ կազմակերպությունը խոշոր երկու մրցույթ է շահել։ «Բայց սեփականատիրության հետ իմ եղբոր ունեցվածքը այդ շահումից ոչ ավելանալու է, ոչ իջնելու է»,–ասաց նա և նշեց, որ սա շինծու թեմա է։

Նա նշեց, որ ինքն ընդամենը մի բնակարան ունի, որը երիտասարդ ընտանիքների աջակցության միջոցով  գնել է։ «Ներողություն եմ խնդրում, որ 41 տարեկանում ես ու կինս սաղ կյանք աշխատելով մի բնակարան ունենք, վարկեր ունեմ այդ բնակարանում»,–ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.