Մեկ ամսվա ընթացքում կաթնամթերքը թանկացել է մոտ 40 դրամով

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. սեպտեմբերը 2020թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 8.9%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.1% գնանկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն:

 

2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.4% գնաճ, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի, մրգի, յուղերի և ճարպերի՝ 5.9-0.8% գնանկումները: Բանջարեղենի ապրանքախմբում՝ 2021թ. սեպտեմբերին, 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 64.5% գնաճ, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 5.9% գնանկում:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ գնաճին զուգահեռ՝ նաև մարքետինգային որոշ քայլեր են արվում, որը, մեղմ ասած՝ չի կարելի:

«Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կաթնամթերքի շուկայում կրկին փոփոխություն է եղել: 20-40 դրամի փոփոխություն եմ նկատել: Այսինքն, մեկ ամսվա ընթացքում այսքան տարբերություն: Նկատել եմ, օրինակ, հազվադեպ հացի քաշը գնապիտակը ծածկում է, բայց ասում ես, ուղղում են: Հիշում եմ՝ տարիներ առաջ նույն թթվասերը 500 գրամանոց տարայում էր, 350 դրամ արժեր, դարձրեցին 450 գրամ, բայց գինը մնաց նույնը: Իսկ հիմա նույնիսկ կա, որ տարան 400 գրամանոց է: Խորամանկ մարքետինգային քայլեր են ձեռնարկում: Գարեջրի պարագայում ևս շիշը 500 գրամի փոխարեն 400 գրամ է: Այս պահին Մոսկվայում եմ, կարտոֆիլի շուկայում խայտառակ վիճակ է: Նորմալ կարտոֆիլ դժվար է գտնել: Համեմատաբար նորմալը 40-50 ռուբլի է, մոտ 350 դրամ՝ մեկ կիլոգրամը»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը:

 

Հավելենք, որ յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 27.1% գնաճ, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.8% գնանկում (արևածաղկի բուսական յուղի գնաճը 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ կազմել է 55.1%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 2.0% գնանկում):

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 9.5%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.8% գնաճ: Հացի և ալյուրի գները 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ աճել են 9.8%-ով և 6.7%-ով, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.9%-ով և 1.3%-ով:

Ձվի գինը 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ աճել է 27.4%-ով, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ` 3.9%-ով:

2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում պանիրը թանկացել է 6.3%-ով, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ` 2.6%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է՝ 31.1%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 5.5% գնաճ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.