Անօդաչու թռչող սարքեր, ծանր հրետանի. շփման գծում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը զորքերի և սպառազինության խտացում ունի. Տիգրան Աբրահամյան

Սյունիքում ստեղծված մարտահրավերները, ռիսկերը շարունակվում են պահպանվել։ Ադրբեջանը սահմանի` իր վերահսկողության տակ գտնվող հատվածում բավականին ակտիվ շինարարական աշխատանքների մեջ է, որոնք իրենց բնույթով ունեն ռազմական և քաղաքացիական նշանակություն։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Սյունիք կատարած իր այցին։

 

Վերջինս նշեց, որ վտանգավոր է Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի շրջաններում ադրբեջանցիների գործողությունները։

Խոսելով այլընտրանքային ճանապարհի մասին՝ Աբրահամյանը նշեց. «Այդ ճանապարհը մի քանի հարցեր լուծելու է, բայց հիմնական հարցը` անվտանգության հետ կապված, չի լուծելու»։

 

Աբրահամյանը նշեց, որ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում քննարկվել է ուժային տարբեր կառույցների խորհրդարան գալու հետ կապված հարցը։

«Իշխանությունը համառ ջանքեր է գործադրում, որպեսզի ուժային կառույցների ղեկավարները որևէ պարագայում չգան խորհրդարան և չպատասխանեն հարցերին։  Իշխանություննների այս մոտեցումը խորացնում է այն մտահոգությունը, որ անվտանգության համակարգում նախատեսված վերակազմավորումները և փոփոխությունները չեն իրականացվում, ուժային կառույցները ասելու բան չունեն»,- ասեց նա։

Ինչ վերաբերում է պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանի հերթական անգամ չընտրվելուն, Աբրահամյանը ասաց, որ իշխանությունների քմահաճույքով չի որոշվելու, թե ով պետք է լինի ընդդիմության թեկնածուն։

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին և այն հարցին, թե այս պահին որքան ադրբեջանցի է գտնվում ՀՀ սահմաններից ներս, Աբրահամյանը ասաց.

«Ժամանակակից պատերազմների պարագայում նույնիսկ կարևոր չէ, թե օրինակ Սև լճի տարածքում թշնամու մխրճման արդյունքում որքան զինծառայողներ են տեղակայվել։ Շատ ավելի մտահոգիչ է, որ օրինակ Արցախի բռնազավթված տարածքներում, որոնք այս պահին շփման գիծ են հանդիսանում, Ադրբեջանի ՊՆ-ն և սահմանապահ ծառայությունը բավականին ակտիվ են ինչպես զորքերի տեղակայման, այնպես էլ տարբեր սպառազինությունների տեղակայման համար։ Ադրբեջանի սահմանապահ զորքերը համալրված են`սկսված ավիացիայից, անօդաչու սարքերից, ծանր հրետանուց և այլն։ Այս իրավիճակում ադրբեջանական զինված ուժերը ունեն տեխնիկայի, սպառազինության խտացված համալրվածություն։ Ակնհայտ է, որ հետպատերազմյան իրավիճակում Ադրբեջանը իր խնդիրները լուծելու համար օգտագործելու է ճնշումները, ուժի սպառնալիքը և այլն»։

Խոսելով Մոսկվա կատարած այցի և այս համատեքստում առաջացած մի շարք քննարկումների և քննադատությունների մասին, «Պատիվ ունեմ» խմբակցության մեկ այլ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ասաց.

«Այն հարցին, թե ում և ինչ սկզբունքով են հրավիրել պատվիրակության կազմ, պատվիրակություն կազմողը պետք է պատասխանի։ Այս հարցը ես քննարկել եմ խմբակցության ղեկավարի հետ, իմ քայլերի համար բացառապես ես եմ պատասխանատու, քննարկել ենք և եկել ենք այն եզրահանգման, որ ես պետք է մեկնեմ Մոսկվա։ Չեմ կարծում, որ որևէ այլ մեկնաբանություն այս հարցում գոյության իրավունք ունի, որովհետև զարմանալի չէ, որ խորհրդարանական պատվիրակության կազմում կարող են լինել ընդդիմադիր պատգամավորներ»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.