Ընտրությունները գեներացրեցին քաղաքական բովանդակություն, առնվազն մեր պարագայում ոչ այնքան քաղաքական քարոզարշավ էր, որքան երկխոսություն քաղաքացիների հետ. Նիկոլ Փաշինյան

Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսում գտնվող Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, հանդիպում ունեցել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը նախ անդրադարձել է մեր երկրում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հունիսին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ծառայեցին որպես ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք: 

«Սովորաբար ընտրությունները մեր երկրում հարուցել են ներքաղաքական ճգնաժամեր, և թերևս ամենաաղմկոտ ներքաղաքական խնդիրները մեր երկրի պատմության ընթացքում ծագել են ընտրություններին հաջորդող շրջանում: Սա առաջին դեպքն է, երբ ընտրությունները դարձել են ճգնաժամի հաղթահարման գործիք, այլ ոչ թե առիթ: Պատերազմից հետո լուրջ քննարկումներ սկսվեցին, թե ինչքանով է խորհրդարանական համակարգը պատեհ Հայաստանի համար, դրանց համար իսկապես կային առիթներ, բայց պիտի արձանագրեմ, որ այս ընտրությունները երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի պատմության մեջ միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես ազատ, մրցակցային և ժողովրդավարական, ինչը նույնպես աննախադեպ է»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս ընտրությունները, որոնք տեղի ունեցան հետպատերազմական շրջանում, գեներացրեցին նաև կարևոր քաղաքական բովանդակություն: «Պատերազմից հետո կարևոր էր արձանագրել այն ուղենիշերը, որոնց ուղղությամբ պետք է Հայաստանը շարժվի: Պետք է խոստովանեմ, որ քաղաքական դաշտում այս հարցերի պատասխաններն այնքան էլ ձևակերպված չէին, սակայն վերջին ընտրությունները գեներացրեցին կոնկրետ քաղաքական բովանդակություն: Առնվազն մեր քաղաքական ուժի պարագայում ոչ այնքան քաղաքական քարոզարշավ էր, որքան երկխոսություն քաղաքացիների հետ, որտեղ նրանք ոչ միայն լսողի, այլև ասողի դերում էին: Մենք էինք լսում, թե ինչ են քաղաքացիները մտածում մեր նախորդ 30 տարիների պատմության մասին: Այս հանգրվանում էլ ձևակերպվեց այն ռազմավարությունը, որ ՀՀ կառավարությունը ներառեց այն իր ծրագրում. մենք դա ձևակերպում ենք Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու անհրաժեշտություն»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ այն արժանանում է նաև քննադատության, ինչը հասկանալի է:

«Որովհետև ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, մեծ հաշվով, կասկածի տակ են դնում այն, թե ինչքանով է հնարավոր խաղաղությունը մեր տարածաշրջանում, կամ պատեհ այն իրավիճակին, որ ունենք մեր տարածաշրջանում՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ:

Կա նաև ավելի մեծ հարցադրում, թե ինչքանով է ժողովրդավարությունն ի վիճակի ապահովել անվտանգությունը և խաղաղ զարգացումը: Բայց մեր դիրքորոշումը հստակ է, որ ի հեճուկս բոլոր այն հանգամանքների, որոնք կասկածի տակ են դնում խաղաղության օրակարգի մրցունակությունը, մենք հետևողականորեն պիտի առաջ շարժվենք այդ ճանապարհով:

Մենք կարծում ենք, որ պետք է որդեգրել փոքր քայլերի քաղաքականություն` չշտապելով սահմանել անհաղթահարելի նշաձողեր: Բայց մյուս կողմից անհրաժեշտ են կոնկրետ արդյունքներ և գործընթացներ, և այս առումով կարևոր ենք համարում խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է փորձագետների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը և մի շարք այլ թեմաների:

 




 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.