Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը՝ առանց անվտանգության գոտու ստեղծման, չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքները. ՄԻՊ-ի օգնական

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը՝ առանց անվտանգության գոտու ստեղծման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքները, այլև կդառնա նոր խախտումների ու լարվածության պատճառ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ՄԻՊ-ի օգնական Տաթևիկ Մանուկյանը:

 

«Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները ոչ միայն չեն դադարեցրել ատելության և թշնամանքի քարոզը, այլև խորացրել են հայատյացության և ֆաշիզմի հասնող թշնամանքի քաղաքականությունը ՀՀ ողջ բնակչության նակատմամբ, խոսքն իրական ցեղասպանության քաղաքականության մասին է»,-ասաց նա:

Մանուկյանը նշեց, որ ՄԻՊ գրասենյակը մշտադիտարկել է ադրբեջանական սոցիալական մեդիայի և մամուլի հրապարակումները, որոնք ցույց են տվել, որ խոշտանգումներն ու դաժանությունները, որոնք եղել են պատերազմի ընթացքում ու դրանից հետո, ադրբեջանական հայատյաց քաղաքականության վառ արդյունքն են:

 

«ՄԻՊ-ը մշտադիտարկման արդյունքում վեր է հանել 300 տեսանյութ, որոնք վերաբերում են հայկական կողմի գերիների, անհետ կորածների խոշտանգումներին: Տեսանյութերը թարգմանվել են մի քանի լեզուներով: Պատերազմի ընթացքում հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ դաժանությունների կրկնվելու իրական վտանգը այսօրվա դրությամբ վերացած չէ, և տեղի ունեցածի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»,-ասաց նա:

ՄԻՊ-ի օգնականն ընդգծեց՝ մինչ օրս ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական զորքերի անօրինական գտնվելու փաստը մեկ անգամ ևս հաստատում է, որ սահմանազատումը՝ առանց անվտանգության գոտու ստեղծման, կշարունակի վտանգել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.