Սարգսյանը Հայաստանի հնարավորությունները ներկայացրել է հայտնի ընկերությունների ղեկավարներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայում «Մտքերի գագաթնաժողովի» (Summit of Minds) շրջանակում սեպտեմբերի 16-ի երեկոյան աշխատանքային հանդիպում է ունեցել գագաթնաժողովի մասնակից երկու տասնյակից ավելի միջազգային հայտնի ընկերությունների, հիմնադրամների ու կազմակերպությունների (այդ թվում՝ Google, Cargill, Nestlé, Revolution, Highgate, OneRagtime) ղեկավարների հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահն իր խոսքում անդրադարձել է հայաստանյան բիզնես միջավայրին, ներդրումների համար գրավիչ ոլորտներին ու ներդրումային հնարավորություններին:

 

Խոսելով կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունների ու մարտահրավերների մասին՝ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ պետք է կարողանալ ճիշտ ելքեր գտնել առկա իրավիճակից, պայմաններ ստեղծել տնտեսության զարգացման համար, և նախանշել է առավել հեռանկարային ու զարգացման լուրջ հնարավորություններ ապահովող ոլորտները։

 
 

Պատասխանելով գործարարների հարցերին՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է ապագայի՝ ուժեղ Հայաստանի իր տեսլականը, որին հասնելու համար պետք է օգտագործել հայ ազգի ամենամեծ առավելությունը՝ մարդկային ռեսուրսը, հօգուտ երկրի զարգացման ծառայեցնելով Հայաստանի և հայության ողջ ներուժը:

Որպես մեր երկրի կարևոր մրցակցային առավելություններից մեկը՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է նրա կամրջող դերը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև, ինչն օտարերկրյա գործարարների և ներդրողների առջև բացում է նոր ու լուրջ հնարավորություններ։

ՀՀ նախագահը նշել է, որ պատրաստ է իր լիազորությունների սահմաններում հնարավորինս աջակցել այն ընկերություններին ու գործարարներին, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ:

Սարգսյանը հանդիպման մասնակիցներին հրավիրել է մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 23-24-ը Դիլիջանում նախատեսված «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.