Պատվաստանյութերի վերաբերյալ տգիտության շքերթ` Ավանեսյանի կողմից

Վաղուց չէինք անդրադարձել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի մտքի գոհարներին։ Բայց, լռելն արդեն անկարելի է դառնում, երբ չկայացած իրավաբանը սկսում է բժշկական հարցեր մեկնաբանել, այն էլ այնպիսի զգայուն թեմայի շուրջ, ինչպիսին պատվաստումներն են։

 

Ըստ բժիշկ մասնագետի կերպարի մեջ մտած Ավանեսյանի. «Պատվաստումները, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա։ Չկա գեթ մեկ հետազոտություն, որը նման պնդում կարող է անել» (https://iravaban.net/349674.html):

Ուրեմն, տիկին Ավանեսյան, ի գիտություն ձեզ. վերարտադրողական առողջության բաղադրիչներ են նաև կանանց հղիանալու և տղամարդկանց սերունդ տալու ունակությունը, հղիության բնականոն ընթացքը, առողջ նորածնի ծնունդը և այլն, որոնց վրա Քովիդի դեմ պատվաստանյութերի ազդեցությունը դրանց ընդամենը մեկ տարվա փորձնական կիրառման պատմության պարագայում, չէր կարող ուսումնասիրվել։

Հաջորդիվ Ավանեսյանը նշում է. «Մեր կարգավորումներով՝ հղին ինքն է որոշում պատվաստվե՞լ, թե՝ ոչ»։

Որոշ պատվաստանյութերի արտադրողի հրահանգում հղիությունը հստակ նշված է որպես հակացուցում, քանի որ հղիության ընթացքում պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը ուսումնասիրված չէ։ Ավելին, կերակրող մայրերին էլ է հակացուցված պատվաստումը, որը ձեր հրամանով հաստատված հակացուցումների շարքում բացակայում է։

Սա ինչպե°ս կբացատրեք։ Դուք կամ չգիտեք այդ տարրական բաները, կամ ցինիկաբար մոլորեցնում եք մարդկանց: Դուք անձամբ եք պատասխանատվություն կրելու պատվաստվող հղիների, կերակրող մայրերի և ապագայում վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներ ունեցող բոլոր մեր հայրենակիցների մոտ անցանկալի զարգացումների, մոտակա ու հեռահար կողմնակի ազդեցությունների համար։

 

Բավական է ապաշնորհ վիճակագրի դեր ստանձնեք։ Խորհուրդ կտայինք զբաղվել բուժառուների նախահիվանդանոցային խնամքը արդյունավետ կազմակերպելու հարցերով, որով կարելի կլիներ բազմաթիվ անգամ կրճատել հոսպիտալացումների թիվը, բայց ակնհայտաբար դա ձեզ չի հետաքրքրում, քանի որ առողջապահության պահպանման առաջնային օղակի` պոլիկլինիկաների և ամբուլատորիաների ողջ ներուժը դուք մոբիլիզացրել եք պատվաստումների վրա։

Խորհուրդ ենք տալիս դադարեցնել անպատասխանատու, անմիտ ու մոլորեցնող մեկնաբանություններով առողջապահության ոլորտի վարկաբեկումը, չեղյալ հայտարարել պատվաստմանն անուղղակի պարտադրող հրամանը։ Դա մարդկանց ազատ կամքի և իրավունքի դաշտում է պատվաստվել, թե ոչ։

Լսեք մասնագետներին, որոնք ամիսներ շարունակ պնդել են դիահերձման արգելքի անհիմն լինելու ու բաց տարածքներում դիմակ կրելու անկարևորության մասին, որոնք ի վերջո մեծ ուշացումներով վերանայվել են։

 Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնություն

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.