Պատմական չվերթ Բաքվի համար. Թուրքիան փակում է իր օդային սահմանը ՀՀ–ի համար, Հայաստանը` ոչ

Անկարան ու Բաքուն չեն շտապում արձագանքել Երևանի դրսևորած բարի կամքին։ Հայաստանը թույլ տվեց հարևան երկրների ավիաընկերություններին օգտագործել իր օդային տարածքը, բայց Թուրքիան և Ադրբեջանը նման քայլի դեռ չեն դիմել։ Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է դրա պատճառները։

Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ թուրքական ինքնաթիռները միշտ թռչում էին Հայաստանի վրայով։ Մեր երկիրը դրան երբեք չի խոչընդոտել, թեև առիթներ եղել են։ Իսկ ահա Թուրքիան անգամ առանց առիթների մեկ անգամ չէ, որ փակել է իր օդային տարածքը Հայաստանում գրանցված ինքնաթիռների համար։ Սովորաբար նման սահմանափակումները երկար չէին տևում։ Վերջին անգամ նման դեպք եղավ անցյալ տարվա հուլիսի 24-ին, երբ թուրքական ավիացիոն իշխանությունը հրաժարվեց թողնել Հայաստանի կառավարական համար մեկ ինքնաթիռի տարանցիկ տեխնիկական թռիչքը։ Թեև դա Անկարայի կողմից մեկանգամյա «քմահաճույք» էր, բայց այն ժամանակվանից վարչապետի ինքնաթիռը սկսեց շրջանցել Թուրքիան։ Արդեն աշնան սկզբին պարզ դարձավ, որ Անկարան ինչ-որ լուրջ բանի է պատրաստվում։

 

Սեպտեմբերի 9-ին, այսինքն՝ պատերազմից 18 օր առաջ, Թուրքիան անսպասելիորեն արգելեց Հայաստանում գրանցված բոլոր ինքնաթիռներին իր օդային տարածք մուտք գործել։ Սա կարելի է համարել ևս մեկ ապացույց, որ հարևան երկիրը ոչ միայն տեղյակ է եղել Ադրբեջանի առաջիկա ագրեսիայի մասին, այլև, ըստ էության, մասնակցել է պատերազմի նախապատրաստմանը։

Հատկանշական է, որ թուրքական կողմն իր որոշման մասին նախապես տեղյակ չի պահել։ Երևանն այդ մասին որևէ տեղեկություն չի ստացել միջազգային ալիքներով։ Մեզ պարզապես փաստի առաջ են կանգնեցրել։ Նշեմ, որ Թուրքիայի գործողությունները հակասում են ընդունված նորմերին։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամներն ունեն միմյանց հանդեպ պարտավորություններ, որոնք երաշխավորում են հասանելիությունն իրենց օդային տարածքին (տարանցման համար): Չիկագոյի կոնվենցիան հստակ սահմանում է այս պայմանը։ Բացառություն է արվում միայն պատերազմների դեպքում։ Բայց չէ որ Թուրքիան պաշտոնապես Հայաստանի հետ պատերազմի մեջ չի եղել։ Այսպիսով, Թուրքիան անուղղակիորեն իրեն զինված հակամարտության անմիջական մասնակից է ճանաչել։

Եթե մինչև ռազմական գործողությունների սկսվելը թուրքական ավիացիոն իշխանության արգելքը վերաբերում էր միայն Հայաստանում գրանցված ինքնաթիռներին, ապա պատերազմի օրերին սահմանափակումներ են եղել նաև Երևան թռչող այլ պետությունների օդանավերի համար։ Հոկտեմբերի 12-ին Թուրքիան մերժեց նույնիսկ մարդասիրական օգնություն տեղափոխող ամերիկյան ինքնաթիռների տարանցումը Հայաստան։ Ո՛չ ամերիկյան ավիաընկերությունը, ո՛չ էլ Հայաստանի քաղավիացիայի վարչությունն Անկարայի անօրինական գործողությունները վիճարկելու համար այդպես էլ դատարան կամ միջազգային կազմակերպություններ չդիմեցին։

Նշենք, որ պատերազմի ավարտից և եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Թուրքիան չի հանել սահմանափակումները և մինչ օրս շարունակում է խախտել Չիկագոյի կոնվենցիան։ Հայաստանի պատասխանատու կառույցները բազմիցս համապատասխան հարցումներ են ուղարկել թուրքական ավիացիոն իշխանությանը, բայց ամեն անգամ բացասական պատասխան են ստացել։ Ընդ որում, այն ոչնչով պատճառաբանված չէ։ Վերջին մերժումն Անկարային դիմած «Արմենիա» ավիաընկերությունը ստացել է ապրիլի սկզբին։ Սակայն ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանի տեղեկություններով՝ այժմ Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների միջև ակտիվ բանակցություններ են ընթանում ու «դրական տեղաշարժ կա», որը թույլ է տալիս սահմանափակումների վերացում ակնկալել:

 

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.