Լենա Նազարյանի սայթաքումն ԱԺ ամբիոնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստերի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ցանկանալով ցույց տալ, թե իշխանությունն անհանդուրժող ու անողոք պայքար է մղում բոլոր տեսակի կաշառակեր պաշտոնյաների դեմ, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց. «Մեր կառավարության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը 1.5 միլիոն դրամ կաշառք ստանալու համար դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: 7 տարին քիչ է, ես կասեի՝ շատ է, բայց օրենքը հավասարապես է գործում ե՛ւ ընդդիմության, եւ՛ կառավարող ուժի համար»:

Իշխանության ներկայացուցիչը, փաստորեն, տեղյակ չէ, որ առողջապահության նախկին նախարարի խափանման միջոց կալանավորումը դեռեւս գործի նախաքննության ընթացքում փոխվել է գրավով: Դավթյանի պաշտպանները 15 մլն դրամ գրավի միջնորդություն էին ներկայացրել, ինչը դատարանը բավարարել էր: «Այո, Դավթյանի խափանման միջոցը դեռեւս նախաքննության փուլում է փոխվել, դատական ակտն էլ բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանում»,-«Ժողովրդի» հետ զրույցում ասաց Դավթյանի պաշտպան Երեմ Դավթյանը:

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին փոխնախարարը, որի կաշառքի գործը իշխանությունը, մատի փաթաթան դարձրած, միշտ օրինակ է բերում ու գլուխ գովում, թե սեփական թիմակիցների նկատմամբ էլ են անհանդուրժող, գրավը վճարելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել «Արմենիա» բժշկական կենտրոնում: Նա ԲԿ-ի տնօրենի ֆինանսական գծով խորհրդական է նշանակվել: «Վերջին շրջանում հիվանդանոցում չենք տեսել, բայց անընդհատ գալիս-գնում է»,- ասացին «Արմենիա» ԲԿ-ից:

Ի դեպ, բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության օրը, ի թիվս այլ՝ «պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների եւ կամավորների կյանքեր փրկած» բուժաշխատողների՝ Պաշտպանության նախարարության պատվո մեդալով է պարգեւատրվել նաեւ Դավթյանը՝ պատվո կաշառակեր շքանշանակիրը»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.