Այս տարի խաղողի մթերումների հետ կապված մեծ խնդիր չենք ունենա, կանխատեսվում է մթերել 180 հազար տոննայի չափ խաղող. Վահան Քերոբյան

Խաղողի մթերումների համար տրվող վարկերի ընդհանուր ժամկետը 1 տարուց երկարացրել ենք մինչև 3 տարի, իսկ արտոնյալ ժամկետը՝ 3 ամսից մինչև 1 տարի: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

 

Նա նշեց, թե այս փոփոխությունները հնարավորություն են տալու, որ խաղող մթերողներն ավելի անկաշկանդ ու ավելի մեծ ծավալով մթերեն: «Մյուս կողմից հնարավորություն կունենան գյուղացիներին, ֆերմերներին ավելի արագ վճարել մթերած խաղողի դիմաց, ինչպես նաև, մաքսիմալացնելով մթերման ծավալները, հնարավորություն կունենան ապագայում ավելի շատ արտահանել»,-ասաց նախարարը՝ նշելով, թե գյուղատնտեսական տարին, ընդհանուր առմամբ, շատ լավ է ընթանում:

«Այսօր արդեն թարմ գյուղմթերքի մասով հասել ենք անցած տարվա ցուցանիշին, անցել ենք նախանցած տարվա ցուցանիշը՝ մոտ 145 հազար տոննա, հույս ունենք մինչև տարեվերջ ռեկորդ խփել և անցնել 200 հազար տոննայի սահմանները»,-ասաց Քերոբյանը:

 

«Ինտենսիվ խորհրդակցություններ ենք ունենում թե՛ խաղողագործների, թե՛ մթերողների հետ, և կարող եմ ասել, որ այն պլանները, որ ունեն մթերողները, թույլ են տալիս հուսալ, որ այս տարի մթերումների հետ կապված մեծ խնդիր չենք ունենա, կանխատեսվում է մթերել 180 հազար տոննայի չափ խաղող, որը բավարարում է, որ ամբողջ բերքը մթերվի»,-ասաց նախարարը:

Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե Հայաստանում չեն լինելու խաղողագործներ, որոնք չեն կարողանալու իրենց խաղողն իրացնել: Նա դիմեց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին՝ նշելով, թե նախարարությունն ամենօրյա ռեժիմով պետք է աշխատի, որ չլինեն փակված փողոցներ, ակցիաներ: «Հիմնավորված որևէ ակցիա չպետք է տեղի ունենա, ու դա Ձեր պատասխանատվության դաշտում է»,-ասաց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.