Առողջապահության նախարարի տեղակալը հրաժարական է ներկայացրել

Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է հրաժարականի մասին․ «Այսօրվանից դադարեցնում եմ աշխատանքս որպես առողջապահության նախարարի տեղակալ: Պետական համակարգում  շուրջ 10 տարի տևող ծառայությունս շարունակելու եմ այլ ոլորտում:

 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության և ենթակա հիմնարկների աշխատակիցներին՝ անձնական և մասնագիտական նվիրումի համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում առողջապահական համակարգի 40000-ից ավելի աշխատակիցներին, որոնք կատարել են իրենց պարտքը՝ երկրի և առողջապահական համակարգի բարդ ժամանակաշրջաններում` համավարակի և պատերազմի պայմաններում:

Առողջապահության ոլորտում շուրջ 3 տարի տարբեր օղակներում աշխատելու ընթացքում առաջնորդվել եմ Մարդու բարձրագույն արժեք լինելու սահմանադրական դասակարգմամբ, առողջության պահպանման և կյանքի անսակարկելի իրավունքների գերակայությամբ:

 

Ելնելով վերոնշյալից՝ ծառայությանս ընթացքում ղեկավարվել եմ մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքներով, փորձել եմ առավելագույնս իրացնել նախարարության կանոնադրական նպատակները՝ ուղղված մարդու և հանրության առողջության պահպանմանը, բժշկական օգնության հասանելիության և մատչելիության ապահովմանը:

Նախարար  Անահիտ Ավանեսյանին և նախարարության ղեկավար անձնակազմին մաղթում եմ բազում հաջողություններ պաշտոնավարման ընթացքում և հայտնում եմ պատրաստակամությունս աջակցել ձեր կողմից վարվող մարդակենտրոն առաքելությանը, որտեղ էլ կգտնվեմ»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.