«Ռեկտորի ընտրությունը կանցկացնի ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, որն այս պահին գոյություն չունի». Վահրամ Դումանյան

Այսօր ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնելուց հետո լրագրողները ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից հարցին, թե ի վերջո ե՞րբ Մայր բուհը նոր ռեկտոր և Հոգաբարձուների խորհուրդ կունենա: Հիշեցնենք, որ արդեն ավելի քան 2 տարի է՝ բուհը չունի ռեկտոր, այն ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատարը:

 

«Ռեկտորի ընտրությունը կանցկացնի ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, որն այս պահին գոյություն չունի: Մենք ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք արել և անելու  ենք այդ ուղղությամբ, որ ժամ առաջ, օր առաջ ձևավորվեն բոլոր հոգաբարձուների խորհուրդները, որոնք չկան որոշ բուհերում, այդ թվում՝ ԵՊՀ-ում: Խնդիրը ձգձգման այս պահին նախարարության հետ որևիցե առնչություն չունի, նախարարությունը առաջնագծի մարտիկի նման ամեն ինչ անում է, որպեսզի հաղթահարվեն բոլոր խոչընդոտներն այդ ճանապարհին, իսկ խոչընդոտները պայմանավորված են իրավական դաշտի մատուցած անակնկալներից՝ սկսած ՍԴ-ից, նախագահը վիճարկեց օրենքը, հաջորդ քայլով նախարարությունը, րոպե անգամ չկորցնելով, ձեռնարկեց այլ գործիքակազմ, անմիջապես ընդունեց Կառավարության որոշում գործող օրենքների, ոչ թե նոր օրենքի, այլ երկար տարիներ գործող օրենքների շրջանակում, որն այս անգամ ՄԻՊ-ը վիճարկեց ՍԴ-ում:

Մենք սպասում էինք ՍԴ վճռին, այդ ընթացքում  գործող օրենքի՝ «Հիմնադրամների մասին» օրենքի շրջանակում, որտեղ հստակ գրված է, որ եթե երկու ամիս Հոգաբարձուների խորհուրդը չի գործում, ապա Արդարադատության նախարարը ձևավորում է ժամանակավոր հանձնաժողով, երեք հոգուց կազմված, ձևավորվեց այդ ժամանակավոր հանձնաժողովը, այս անգամ ՄԻՊ-ը դիմեց ՍԴ՝ պարզելու 19 տարի առաջ ընդունված «Հիմնադրամների մասին» օրենքի սահմանադրականությունը: Ստացվում է հետևյալը՝ մենք գտնվում ենք մեր օրինականության դաշտում, սակայն ցանկացած գործիքի, գործիք ասելով՝ նկատի ունեմ օրենքով սահմանված միջոցները, հենց մենք ձեռնարկում ենք որևէ նոր քայլ, ոչ քարացած, ուղղագիծ, այլ փորձում ենք ընտրել մեր գործիքակազմը օրենսդրական դաշտում, փաստորեն, որ գործիքակազմից օգտվում ենք, մեր իրավական դաշտի գործող պատասխանատուներից ոմանք անմիջապես տեսնում են, որ «վայ, այստեղ սահմանադրական ինչ-որ խնդիր կա», ու դիմում են ՍԴ»,- ասաց Դումանյանը:

 

Լրագրողի հարցին, թե ի՞նչ պետք է անեն հիմա, երբ բարձր դատարանն արդեն իսկ հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի որոշ դրույթներ, Դումանյանն արձագանքեց.

«Այդ վճիռը մենք դեռ չենք ստացել, առայժմ որևիցե վճիռ չկա, բացի մեկ որոշումից՝ կասեցնել Կառավարության համապաստախան որոշման գործունեությունը, սա է եղել, վճիռ չի կայացվել, դեռևս այդ հարցը չի էլ քննարկվել ՍԴ-ում, ուղղակի կասեցվել է, առայժմ կասեցման փուլում է: Ինչ վերաբերում է  «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքին, ապա մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, այո, կարծես թե երկու դրույթի մասով սահմանադրականության հետ խնդիր է արձանագրել բարձր դատարանը, բայց մենք դեռևս չունենք պաշտոնական որոշումը ՍԴ-ի, առայժմ չունենք, այսօր սպասում ենք»:  Դումանյանն ասաց, որ հնարավոր է՝ փոփոխություններ լինեն օրենքում:

ԿԳՄՍՆ-ն նաև օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, ըստ որի՝ բուհի ռեկտոր դառնալու համար այլևս պարտադիր չի լինի դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում ունենալ, փոխարենը՝ հարկավոր կլինի գիտական աստիճանի առկայություն ու ակադեմիական կամ գիտական ոլորտում առնվազն 5 տարվա ստաժ: Դումանյանը մեկնաբանեց, որ իրենք սահմանել են ներքին շեմը, իսկ բուհերն իրենց կանոնադրություններում կարող են սահմանել լրացուցիչ պահանջներ:
Լրագրողի հարցրին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունը ԵՊՀ ռեկտորի առաջիկա ընտրություններում, Դումանյանն արձագանքեց, թե չի մտածել այդ մասին.

«Դա ի՞նչ հետաքրքիր հարց է, ավելի լուրջ հարցեր տվեք»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.