Բաժին : Իրադարձային
Սյունիքի ոստիկանապետը ծեծել է Սուրիկ Խաչատրյանի տան տարեց պահակին՝ հենց ոստիկանության շենքում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի կողմից Սուրիկ Խաչատրյանի տան պահակի նկատմամբ ոստիկանության բաժանմունքում բռնություն գործադրելու վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։
Դեպքից օրեր անց Սուրիկ Խաչատրյանի տան պահակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի և նրա հետ 2 այլ անձանց կողմից Ոստիկանության Գորիսի բաժնում իրեն հարվածելու, ստորացնելու և նվաստացնելու վերաբերյալ:
«Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը, ոստիկանի համազգեստը հագին, 2 օր շարունակ հոգեպես նվաստացրել, խոշտանգել է, ամենաայլանդակ գործողություններ է նկարագրել, թե ինչ կանի հենց Ոստիկանության շենքում 69 տարեկան թոշակառուի հետ, եթե վերջինիս չստորագրի 2021թ. հուլիսի 13-ին Գորիսում տեղի ունեցած դեպքի հետ կապված, հավանաբար իր համար երանելի բովանդակությամբ ցուցմունքը»,- հայտնել էր փաստաբան Արթուր Պիվազյանը։