Հայաստանը 8,8 մլրդ լրացուցիչ գումար կհատկացնի Արցախին՝ 1,2 մլրդ-ը՝ կոմունալ վճարների, մնացածը՝ միջպետական վարկի տրամադրման համար

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, ըստ որի՝ Արցախի Հանրապետությանը կհատկացվի լրացուցիչ ֆինանսական միջոցներ։

Ներկայացնելով որոշման նախագիծը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը շեշտեց, որ ներկայացված նախագծով առաջարկվում է շարունակել Արցախին աջակցելու միջոցառումների համար հատկացումները։

 

«Ուզում եմ ներկայացնել, որ մինչ պատերազմն Արցախը նույնպես եղել է ուշադրություն կենտրոնում, եղել է միջպետական վարկի տրամադրման եղանակով Արցախի խնդիրներին լուծման աջակցություն։ Իսկ պատերազմից հետո, հաշվի առնելով տնտեսական իրավիճակի փոփոխությունը, սրվել է աջակցության անհրաժեշտությունը։ Տարբեր առիթներով մենք քննարկել և որոշումներ ենք կայացրել, իրականացվել են տարբեր միջոցառումներ, ինչպես բնակչության աջակցման, այնպես էլ՝ կառավարման աջակցության ուղղությամբ միջոցառումները»,- ասաց Ֆինանսների նախարարը։

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի, նշված նախագծով առաջարկվում է շուրջ 8,8 մլրդ դրամ հատկացնել Արցախի Հանրապետությանը, որից 1,2 մլրդ դրամը կօգտագործվի բնակիչների կողմից կոմունալ վճարների վճարման համար, իսկ մնացածը միջպետական վարկի տրամադրման շրջանակներում կհատկացվի։

«Այս տարի բյուջեով նախատեսված միջպետական վարկն ունեցել է նույն տրամաբանությունը, ինչ մինչև պատերազմը, և այն սպառվել է գրեթե մինչև առաջին կիսամյակ, քանի որ սեփական տնտեսությունը նոր եկամուտներ հնարավորություն չի ունեցել գեներացնել: Դրանով պայմանավորված՝ լրացուցիչ պետական վարկի տրամադրելու անհրաժեշտություն է առաջացել»,- շեշտեց Ատոմ Ջանջուղազյանը:

Նախագծին անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ նշված որոշմամբ  Արցախին հատկացնում են ևս 8,7 մլրդ դրամի միջպետական վարկ:

«Նոյեմբերից հետո իրականացվել է 14 ծրագիր: Ընդհանուր առմամբ այս պահին ծախսվել է 53 մլրդ դրամ։ Արցախում աջակցության տարբեր ծրագրեր են իրականացվել պատերազմից հետո՝ ընդհանուր առմամբ շուրջ 74 մլրդ դրամի աջակցման ծրագրեր։ Դրան գումարվում է նաև այս 9 մլրդ դրամը, կարող ենք արձանագրել, որ Արցախին մեր աջակցության փաթեթը կազմում է արդեն 83 մլրդ դրամ, որից 52 մլրդ դրամն արդեն ծախսվել է: Այդ ծրագրերը պետք է վերանայման ենթարկվեն, որպեսզի վերականգնման ծրագրերը փոխարինվեն զարգացման ծրագրերով, որպեսզի Արցախի տնտեսությունը սկսի աշխատել, գումարներ գեներացվեն, իսկ մեր աջակցությունը ծախսվի զարգացման ծրագրերի վրա»,- եզրափակեց Փաշինյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.