Արցախի ԱԺ-ում ներկայացված 5 քաղաքական ուժերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Արցախի խորհրդարանում ներկայացված 5 քաղաքական ուժերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը բոլորիս կանգնեցրել է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր մարտահրավերները հաղթահարելու, անվտանգության սպառնալիքները դիմագրավելու և պատերազմի հետևանքով ի հայտ եկած կենսական խնդիրների լուծման պարտադրանքի առջև:

 

Մեզ համար գերական և թանկը հայրենիքն է, հայրենիքի պահպանումը, կորցրածի վերանվաճումը և արցախցու իրավունքի վերականգնումը հայրենի հողում ապրելու, զարգանալու և բարգավաճելու ուղղությամբ:

Պատերազմի ավարտից հետո նկատելի են բևեռացումներ, որոնք ուղեկցվում են պիտակավորումներով: Հանրության տարբեր շերտեր անհարկի վիրավորանքների թիրախ են դարձել. սպառնալիքներ են հնչում և հայի միասնականության ոգուն անհարիր երևույթներ դրսևորվում:

 

Մեր կողմից անընդունելի և դատապարտելի է ազգին համախմբող բարոյական և պետական հիմքերի խարխլումը, հասարակության մեջ ատելության և թշնամանքի սերմանումն ու հրահրումը, որի արդյունքում ի հայտ են գալիս արհեստածին, լարված իրավիճակներ: Հատկապես վտանգավոր են այն հայտարարությունները, որոնք կարող են սեպ խրել Արցախի և Հայաստանի քաղաքացիների միջև:

Կոչ ենք անում բոլորին իրենց կարծիքն ու մոտեցումները արտահայտելու գործում լինել հավասարակշիռ, հանդուրժող և հարգալից մոտեցում ցուցաբերել միմյանց նկատմամբ: Միասնականությունը մեր հայրենիքին պատուհասած  այս դժվարին օրերին կարևոր շաղախն է մեր կորցրածը հետ բերելու, այս ծանր ճգնաժամը հաղթահարելու և ի վերջո ապագայի նկատմամբ հայ ժողովրդի հավատը վերականգնելու համար:

Համոզված ենք, որ խորհրդարանը, լինելով հանրության կողմից ձևավորված քաղաքական մարմին, կարող է ծառայել որպես երկխոսության լավագույն հարթակ հանրային պահանջները ներկայացնելու, ինչպես նաև քաղաքական և հասարակական կառույցների տեսակետները առարկայական դարձնելով և գործնականի վերածելու համար:

«ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ–ՔՄԴ»  ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.