«Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, սակայն լուծել այդ հարցը». Սերժ Սարգսյանը դրվագներ է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ընթացքից, նախքան Փաշինյանի իշխանության գալը

2018 թվականին ստեղծվել էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները, իսկ Հայաստանի նոր իշխանությունը տապալել է բանակցային գործընթացը և կոպիտ սխալներ թույլ տվել, որոնք էլ դարձել են պատերազմում պարտության պատճառներից մեկը: Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով բանակցային գործընթացի զարգացումները, նախքան դրանց փակուղի մտնելը:

Վերջինս խոստովանել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու և հաշտության գործընթաց սկսելու ցանկությունն էր իրենց ստիպել իշխանության գլխին մնալ 2018 թվականին՝ նախագահական երկու ժամկետից հետո: Նախագահը կողմ չի արտահայտվում Արցախի միտումնավոր հանձնման տեսությանը, սակայն կարծում է, որ տեղի ունեցածը կոպիտ սխալների և հիմարության հետևանք է:

«Մենք չենք պնդում, որ մարտական գործողությունները սկսվել են միայն ու միայն Հայաստանի սխալների արդյունքում: Ո'չ: Ադրբեջանը միշտ ցանկացել է հարցը լուծել ռազմական ճանապարհով: Սակայն 2020-ի սեպտեմբերին սկսված պատերազմին միջազգային հանրության կոշտ արձագանքի բացակայության հարցում մասամբ մեղավոր է Փաշինյանը»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ դա մեկնաբանելով նոր իշխանությունների՝ արտաքին քաղաքականության հարցում թույլ տված կոպիտ սխալներով:

«Նրանց թվում էր, որ մարտական գործողություններ չեն լինելու, քանի որ իրենք ժողովրդավար են, քանի որ իրենք ունեն ժողովրդի մեծամասնության աջակցությունը, իրենք լեգիտիմ են և այլն: Ո՞վ կարող է հարձակվել երկրի վրա, որտեղ ծայրահեղ ժողովրդավարություն է, իսկ մյուս երկրում՝ հարձակվող երկրում, ինչպես Փաշինյանն էր ասում, բռնապետություն է: Դա պարզապես մանկական մտածողություն է, սակայն դա իրենց չէր անհանգստացնում»,- մեկնաբանել է Սարգսյանը նոր իշխանությունների տրամաբանությունը:

Նախագահը մեջբերել է մի շարք փորձագետների կարծիքը, որի համաձայն պատերազմի հրահրման պատճառներից մեկը Փաշինյանի՝ բանակցությունների ձևաչափը փոխելու փորձն էր:  

«Նրանք բանակցությունները փակուղի են մտցրել»,- նկատում է Սարգսյանը՝ հիշեցնելով, որ նոր իշխանությունները ցանկանում էին բանակցությունները սկսել «արդարության սկզբունքի» հիման վրա և ոչ թե հաստատված շրջանակների ներքո:

«Դուք պատկերացնում ե՞ք այդ մարդկանց մակարդակը: Ի՞նչ է նշանակում «ելենելով արդարության սկբունքից»: Այն ինչ արդարացի է մեզ համար, անարդար է ադրբեջանցիների համար, և ընդհակառակը»,- նշել է քաղաքական գործիչը՝ հիշեցնելով, որ դրան հաջորդել է ևս մեկ կոպիտ սխալ՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության տեսքով:

Անդրադառնալով բանակցություններում Արցախը ներգրավելու Փաշինյանի պահանջին՝ Սարգսյանը նշել է, որ միջազգային միջնորդները նույնիսկ չեն քննարկի այդ հարցը:

«Որքան տհաս պետք է լինել՝ չհասկանալու համար, որ այդ պայմանը դնում է ոչ թե ադրբեջանցիների, այլ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահների առաջ: Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները 5 հայտարարություն էին արել, որոնցում խոսել էին սկզբունքների և ձևաչափի համար: Ակնհայտ էր, որ Ղարաբաղը չէր կարող լիարժեք բանակցային կողմ դառնալ: Ասելով «լիարժեք» նկատի ունեմ իր դրոշով, իր նախագահով և այլն»,- նշում է երրորդ նախագահը:

Նա հերքել է այն պնդումը, որ Հայաստանը զբաղված էր բանակցություններ ընթացքի ձգձգմամբ: «Մենք կառուցողական բանակցություններ էինք վարում: Ոչ մի պարագայում ինձանից չէիք կարող լսել խոսք այն մասին, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ տարածքները (7 շրջանը՝ խմբ.): 2001 թվականին ես նույնիսկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեցի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ: Հնարավոր է արդյո՞ք առավել բաց արտահայտվել: Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, սակայն լուծել այդ հարցը, որպեսզի մեզ նման փորձանք չպատեր»,- մեկնաբանել է նախկին նախագահը:

Նա պնդում է, որ իրեն գրեթե հաջողվել էր, և 2018 թվականին ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, որոնք պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվեին:  

Սարգսյանը նկարագրել է հետևյալ գործընթացը. «հինգ շրջանի վերադարձ Ադրբեջանին՝ առանց հստակ ամսաթվի հանրաքվե անցկացնելու համաձայնության դիմաց, այնուհետև մյուս երկու շրջանի վերադարձը՝ հանրաքվեի անցկացման և խաղաղապահների տեղակայման դիմաց»: Սերժ Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանը պետք է ընդուներ, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվելու է բնակչության ազատ կամարտայատման միջոցով:

«Մենք սերտորեն կապում էինք երկու շրջանի վերադարձը, բացառությամբ միջանցքի, որը պետք է ցամաքային կապ ապահովեր Հայաստանի հետ, հանրաքվեի անցկացման օրվա հետ, կգային խաղաղապահ ուժեր, և մենք կսկսեինք հաշտեցման որոշակի գործընթաց»,- մեկնաբանել է նախագահը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ալիևը համաձայն էր դրան, Սարգսյանը նշել է՝ «գործնականում»: Որպես դրա հաստատում նա մեջբերել է Ադրբեջանի նախագահի խոսքը, երբ 2016 թվականին վերջինս հայտարարել էր, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և 2020 թվականին, երբ արդեն պատերազմից հետո հայտարարել էր, որ Լաչինի (Բերձոր) և Քելբաջար (Քարվաճառ) շրջանները նախատեսվում էր թողնել հայկական տիրապետության տակ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.