Դատարանը որոշել է մեկ ամսով կալանավորել Արմեն Չարչյանին. փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու մասին. որոշում է կայացվել մեկ ամսով կալանավորել Արմեն Չարչյանին: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

 

«Դատարանն արձանագրել է ինչպես կալանավորման պայման հիմնավոր կասկածի առկայություն, այնպես էլ կալանավորման հիմքերի, մասնավորապես քննությանը խոչընդոտելու հիմքի համատեքստում գտել է, որ ռիսկը բարձր է: Մենք միանշանակ բողոքարկելու ենք որոշումը: Դատարանի որոշումը ոչ իրավաչափ է, անհիմն որոշում է: Փաստացի ևս մեկ անգամ ընդգծվեց այն հանգամանքը, որ պարոն Չարչյանի նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում»,- ասաց Ալեքսանյանը:

Ալեքսանյանը հավելեց՝ դա պնդել են դատական նիստի ժամանակ, ներկայացրել են բազմաթիվ փաստարկներ առ այն, որ օրինական մեղադրանքի մասին խոսք լինել չի կարող, քանի որ, ինչպես ինքն է նշում՝ ի սկզբանե քրեական վարույթը հարուցվել է ոչ իրավաչափ հիմուքների հիման վրա։

 

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՔԾ-ը ձերբակալել էր Հայաստան դաշինքի անդամ, Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին համացանցում հրապարակաված ձայնագրության հետ կապված։ Պաշտպանների կողմից վիճարկվել էր ձերբակալման իրավաչափությունը, ինչը դատարանը բավարարել էր։ Ինչից հետո ՀՔԾ-ը որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավվել Արմեն Չարչյանին և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան Չարչյանի խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ, որը այսօր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից բավարարվել է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.