Ես փախչող տեսակ չեմ․ Ա․ Հարությունյան

Պետությունը պատրաստ է արժանապատվորեն ու պատշաճորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները։ Եթե դրանց եզրահանգումը դրական լինի, ապա օր առաջ կատարելու եմ իմ հայտնի խոստումը։ Հիմարություն կլինի կարծել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակել պաշտոնավարումս, թե կառչած եմ աթոռից․ ամենևին ո՛չ։ Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

 

«Ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև, այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական և անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը, որ հանկարծ իմ ժողովուրդը, ներառյալ՝ հրաժարականս պահանջող անձինք, չմնան պետականության փլատակների տակ: Ես փախչող տեսակ չեմ և մեր նահատակների ու պայծառ գալիք սերունդների առջև պարտական եմ զգում ալեկոծված ծովում նավը չթողնել առանց նավապետի»,-հայտարարել է նա։

Վերջինս անդրադարձել է նաև փախուստի, դավաճանության, Արցախում մնալ-չմնալու մասին խոսակցություններին:

 

«44-օրում 38 այց եմ կատարել առաջնագծի ամենածանր կետեր․ ովքեր եղել են առաջնագծում, շատերը գիտեն դրա մասին։ Քարվաճառից, Եղնիկներից մինչև Ջաբրայիլ, առաջնագծի բոլոր ուղղություններում, ամեն տեղում եղել եմ: Ես խոնարհվում եմ մեր տեղահանված, զոհված և բոլոր հայրենակիցների առաջ, որովհետև շատ խնդիրներ կան, դրանք կլուծենք ընթացքում: Երեկ տեղի է ունեցել հավաք իմ հրաժարականի պահանջով, այսօր էլ այդ հավաքը կազմակերպվում է: Անկախ հավաքի մասնակիցների քանակից, կազմից, քաղաքական հայացքներից ու դրդապատճառներից՝ նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, բոլորը ԱՀ քաղաքացիներն են, և ես հավասարապես պատասխանատու եմ բոլորի համար ու բոլորի առջև»,-նշել է Հարությունյանը՝ նաև առողջություն մաղթելով իր հրաժարականի պահանջով հացադուլ անող արցախցիներին։

Հիշեցնենք՝ Արցախում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիաներ են եղել, երկու քաղաքացի հացադուլ է հայտարարել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.