«Թալիբան»-ը Թուրքիայից պահանջել է Աֆղանստանից դուրս բերել իր զորքերը

Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը Թուրքիայից պահանջել է ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հետ իր զորքերը ևս դուրս բերել երկրի տարածքից: Այս մասին հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

«Լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան պետք է ԱՄՆ-ի հետ 2020 թվականի փետրվարի 29-ին ստորագրված համաձայնագրի համաձայն Աֆղանստանից դուրս բերի իր զորքերը»,- հայտարարել է նա։

Նշվում է, որ այդպիսով «Թալիբան» շարժումն արձագանքել է Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու Թուրքիայի առաջարկին: Reuters գործակալության տվյալներով՝ Անկարան այդ առաջարկը Վաշինգտոնին արել է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների՝ ընթացիկ տարվա մայիսին կայացած հանդիպման ժամանակ, երբ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները քննարկել են Աֆղանստանից զորքերի դուրսբերման ծրագիրը: Թուրքական առաջարկի շուրջ քննարկումը նախատեսվում է շարունակել հաջորդ շաբաթ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։

 

2021 թվականի ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ մտադիր է 2021-ի մայիսից սկսել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը և այդ գործընթացն ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի 11-ը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.