«Դիտարկվում են ՀՀ-ի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները». ՌԴ փոխվարչապետը՝ Российская газета-ին

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հարցազրույց է տվել «Ռոսիյսկայա գազետա»-ին, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնմանը, ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին և հարակից այլ թեմաների:

Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք պաշտոնյայի պատասխանը լրատվամիջոցի այն հարցին, թե տրանսպորտի ոլորտում ինչ ենթակառուցվածքային նախագծեր կարող են իրականացվել առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի հետ:

«Անդրկովկասում բարի կամքի առկայության դեպքում տրանսպորտային հաղորդակցությունը կապաարգելափակվի, առևտուրը կսկսի զարգանալ, երկու երկրի տնտեսությունները զարգացման հզոր նոր խթան կստանան, և մարդկանց կյանքը կբարելավվի: Կարևորն այն է, որ այդպիսի բարի կամք գոյություն ունի:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ, որին հանձնարարված է զբաղվել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:

Հենց սկզբից մենք գործընկերների հետ պայմանավորվել ենք՝ այնպիսի մոտեցում ենք ընտրել, որը հիմնված է ողջախոհության վրա»,- ասել է նա` նկատելով, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները շատ բարդ են և բազմաշերտ, որը եկել է դարերի խորքից: Պաշտոնյան նժել է, որ շատերը սարսափելի վիշտ են տարել, լքել են իրենց տները, կորցրել են ամենամերձավոր մարդկանց: Այս մասին միշտ հիշվելու է: Այսօր կարևոր է սովորել միմյանց հետ հաղորդակցվել և միասին աշխատել ընդհանուր խաղաղ ապագա ստեղծելու համար:

«Փոխվարչապետերի մակարդակով հեռավար բանակցությունները սկսվել են 2021 թվականի հունվարին, իսկ 3 պատվիրակությունները կլոր սեղանի շուրջ են նստել հունվարի 30-ին: Մինչ այդ Ադրբեջանի և Հայաստանի միջև նման խնդիրները երբեք չեն քննարկվել նման մակարդակում: 2021 թվականի նոյեմբերի 9-ի՝ մեր պետությունների ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման պահից և աշնանային 40-օրյա պատերազմի ավարտից հետո մինչ բանակցությունների մեկնարկն 2 ամսից քիչ ավելի ժամանակ է անցել: Պատմության մեջ քիչ օրինակներ կան, երբ պատերազմող կողմերն այդքան կարճ ժամանակ անց նստել են բանակցությունների սեղանի շուրջ`տրանսպորտային կապերի ապաշրջափակման և իրենց երկրների տնտեսությունների զարգացման համար պայմաններ ստեղծելու համար:Այս ամենը առանձնահատուկ է դարձնում բանակցությունների ձևաչափը և ընդգծում մասնակիցների ցանկությունը՝ լուծում գտնելու հարցում»,-ասել է Օվերչուկը:

ՌԴ փոխվարչապետը նկատել է, որ ոչ ոք չէր ցանկանում, որ բանակցությունները դեռ չսկսված ավարտվեին: Ուստի այս մոտեցումը հնարավորություն է տվել երկու երկրի միջև բոլոր հնարավոր երկաթուղային և ճանապարհային երթուղիների քննարկմանն անցնելուն: Նրա խոսքով` դիտարկվում են Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները: Միևնույն ժամանակ, լուծվում են Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի տարածքով կամ Հայաստանից և Ռուսաստանից Նախիջևանով Իրան շարժը սկսելու խնդիրները:

Բացի այդ, ըստ Օվերչուկի, Հայաստանը կարող է հնարավորություն ունենալ օգտագործել Կասպից ծովի ադրբեջանական նավահանգիստները Միջին Ասիայի երկրներ և Կենտրոնական Ասիայի երկրներից ՀՀ ապրանքներ տեղափոխելու համար:

«Տարածաշրջանում տրանսպորտային շրջափակումը վերացնելը կարևոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և հարևան բոլոր երկրների համար: Միևնույն ժամանակ, Հայաստանը կդառնա ոչ միայն կարևոր միջազգային տրանսպորտային հանգույց Պարսից ծոցի իրանական նավահանգիստները Սև ծովի նավահանգիստների, ինչպես նաև Բալթիկայում և Խաղաղ օվկիանոսում գտնվող ռուսական նավահանգիստները միացնելու հարցում, այլ նաև կկարողանա սկսել ստեղծել սեփական արտադրություն, քանի որ այն հնարավորություն կունենա մուտք գործել իրացման նոր շուկաներ, և երկրից արտադրանք արտահանելու հնարավորությունը սահմանափակող գործոններն անցյալ կդառնան: Ժամանակակից պատմության մեջ նման հնարավորություններ երբեք չեն բացվել, և անկասկած, այս նոր կազմաձևում հիմնական շահառուները կլինեն Ադրբեջանը և Հայաստանը: Ռուսաստանը դրանում օգնում է նրանց և տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին»,-ասել է Օվերչուկը:

Այնուհետև պաշտոնյան նշել է, որ աշխատանքային խմբի շրջանակում ուսումնասիրվել են Ադրբեջանը և Հայաստանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային և ճանապարհային երթուղիները:

«Գարնանն այս երկրների սահմանային տարածքներում աշխատել են տրանսպորտի նախարարության, «Ռոսավտոդոր»-ի (ՌԴ դաշնային ճանապարհային գործակալություն,-խմբ.) և «Ռուսական երկաթուղիներ»-ի ռուս փորձագետները: Նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր ճանապարհ և երկաթուղի, գնահատել երկու երկրի միջև առևտրային տրանսպորտի հնարավորությունները: Գնահատվել է ճանապարհների մակերևույթների, երկաթուղիների, կամուրջների, խողովակների վիճակը, որոնք ճանապարհների տակ են: Դժբախտաբար, գրեթե բոլոր հնարավոր ուղիները քայքայվել են, և տրանսպորտային կապերի վերականգնումը լուրջ ներդրումներ է պահանջում: Այս փորձագիտական աշխատանքի արդյունքների հիման վրա կողմերը կարողացել են ուրվագծել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետագա քայլերը»,-ասել է Օվերչուկը:

Փոխվարչապետը հավելել է, որ ավելի քան երեսուն տարի երկու երկրի պետական ապարատները համակարգված աշխատել են  միմյանց դեմ, և այժմ նրանք պետք է լուծումներ փնտրեն և փոխզիջումների գնան:

«Դա մարդկանց համար դժվար է, քանի որ նրանք կրում են նախորդ կյանքի և իրենց երկրների հարաբերությունների պատմությունը: Երբ այս բոլոր լուծումները գտնվեն, և Ադրբեջանն ու Հայաստանը որոշեն, որ պատրաստ են դրանք կյանքի կոչել, այդ ժամանակ հնարավոր կլինի սկսել ճանապարհների վերականգնումը,  այնուհետև վերսկսել տրանսպորտային կապերը: Գլխավորը լավ ապագան տեսնելն է, և, իհարկե, կարևոր է, որ այժմ ոչ ոք քայլեր չձեռնարկի, որոնք էլ ավելի կբարդացնեն այս առանց այդ էլ բարդ հարաբերությունները»,- ասել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.