Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բազմաթիվ աշխատակիցներ այս ընթացքում աշխատել են 24/7 ռեժիմով, հաճախ ճնշումների, վիրավորանքների ներքո. նրանց աշխատանքը չի կարելի չգնահատել․ Նիկոլ Փաշինյան

Արդյո՞ք սա պետության կամ Կառավարության վերաբերմունքն է զոհված զինվորների ու հանգուցյալների նկատմամբ, ընդհանրապես, այս հարցի պատասխանը գտնելու համար կուզեմ, որ առողջապահության նախարարի պաշտոնակատարը ներկայացնի ինչ է տեղի ունեցել: Այս մասին այսօր Կառավարության նիստին, մինչ օրակարգին անցնելը, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի պատերազմում զոհվածների դիերի պահման պայմաններին:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ մինչև 2018 թվականը նախարարության ենթակայությամբ գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն ունեցել է միայն Երևանի դիահերձարանը, իսկ մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել:

«Դատաբժշկական ծառայությունը Երևանում ունեցել է 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200 սառնարանային տեղ: 2018 թվականի ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը ու սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով, իսկ 2020-ին նորոգվել է Մեծամորի դիահերձարանը, հիմնանորոգվել է Աբովյանի դիահերձարանը, հիմա էլ լրացուցիչ սառնարանային նոր մաս է կառուցվում, համալրվում է Մարտունու մասնաճյուղը: 25 տոկոսով աճել է աշխատակիցների աշխատավարձը»,-հայտնեց նա:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այս համակարգի բյուջեն 2019 թվականին 2018-ի համեմատությամբ ավելացել է 117 միլիոն դրամով, 2020-ին՝ 230 միլիոն դրամով: «Հիմա ինչո՞ւ այս փոփոխությունների արդյունքում ունենք այն տեսարանը, որն ունենք, որովհետև մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը այդքան հեշտ գործ չէ»,- ասաց նա և նշեց, որ ԴՆԹ հետազոտությունների սարք 2018 թվականի մայիսից առաջ Հայաստանում չի եղել:

«Այդ միջադեպի հետ առնչվող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից, բայց երբ համակարգերում բարեփոխություններ են տեղի ունենում, մենք տեսնում ենք ցույցեր, բողոքներ, որ այ, մարդկանց աշխատանքից ազատում են»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բազմաթիվ աշխատակիցներ այս ընթացքում աշխատել են գործնականում 24 ժամ՝ շաբաթը յոթ օր: «Ընդ որում, ճնշումների ներքո, շատ հաճախ վիրավորանքների ներքո ու նրանց աշխատանքը չի կարելի չգնահատել»,- ասաց նա:

 

Նաև նշեց, որ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ, քննությամբ պարզվելու է կոնկրետ անձանց մեղավորությունը և կտրվեն իրավական գնահատականներ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.