Բաժին : Նորաձևություն
«Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքի վրա հարձակումը և 6 հայ զինվորի գերեվարումը նողկալի է». ԱՄՆ կոնգրեսական
Միացյալ Նահանգները պետք է սառեցնի բոլոր տեսակի ռազմական օգնությունն Ադրբեջանին:
Այս մասին իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը:
«Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքի վրա հարձակումը և 6 հայ զինվորի գերեվարումը նողկալի է: Ալիևը ցույց է տվել, որ հետաքրքրված չէ խաղաղությամբ և դիվանագիտությամբ, միայն՝ բռնությամբ: ԱՄՆ-ն պետք է սառեցնի Ադերբեջանին տրվող բոլոր տեսակի ռազմական օգնությունը»,- հայտարարել է Սփիերը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021թ. մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:
Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ: