Հայաստան. սահմանային «պայմանավորվածությունը» Բաքվի հետ` որպես ընտրությունները չեղարկելու առի՞թ. Ритм Евразии

Գիտությունների ռուսական ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը Ритм Евразии կայքում ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակին` զուգահեռներ անցկացնելով սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:

Փորձագետը նկատում է, որ «Նիկոլ Փաշինյանի վաղեմի և հուսալի սփարինգ-գործընկեր», «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ հայտնել է հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների չեղարկման հավանականության մասին:

Արեշևն ընդգծում է` չնայած սոցիոլոգիական հուսալի տվյալներ չկան, սակայն երևում է` Փաշինյանի ու նրա «Քաղաքացիական պայմանագրի» մոտ ամեն ինչ այդքան էլ լավ չէ. վերջինի վարկանիշը, ըստ որոշ կողմնակի նշանների` բավական ինտենսիվ անկում է ապրում:

Փորձագետը գրում է, որ մայիսի 12-ից շարունակվող հերթական մանիպուլյացիաների համար պաշտոնական առիթը 2020-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտությունից հետո կրկին Ադրբեջանի հետ «վերականգնված սահմանն» է, որը հավուր պատշաճի չի սահմանագծվել և սահմանազատվել:

 

«Չնայած, որ ՀՀ ՊՆ-ն պարբերաբար հայտարարում է, որ ամեն «ինչ վերահսկվում է», Ադրբեջանական ուժերը Սյունիքի առանձին հատվածներում (Մեծ Իշխանասար, Սև լիճ) և Գեղարքունիքում (Կութ, Վերին Շորժա) վերջին օրերին հետևողականորեն ավելանում են: Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար  Դավիթ Շահնազարյանի տվյալներով՝ հակառակորդը ծանր տեխնիկա ու հրետանի է քաշել դեպի «Սև լիճ»: Միևնույն ժամանակ, Բաքուն և Անկարան հերթական համատեղ վարժանքներ են անցկացրել, այդ թվում՝ «դիվերսիոն խմբերի գործողություններ` թաքնված ներթափանցման և օրվա տարբեր ժամերին պայմանական թշնամու պաշտպանության խորքում դարանակալման կազմակերպման համար, ինչպես նաև հրամանատարական շտաբի և ռազմական օբյեկտների գրավում»: 

Հայ հասարակության շրջանում շրջանառվող լուրերի համաձայն, որոնք մասամբ հաստատվում են Փաշինյանի հանրային ակտիվությունում, ձեռքերից պլստացող իշխանությունն ամեն գնով գնով պահելու համար, նա ձգտում է իրագործել Իլհամ Ալիևի հետ  բանավոր ձեռք բերված պայմանավորվածություններից որոշները, այդ թվում` վերադարձ խորհրդային սահմանագծին Բաքվի համար առավել բարենպաստ կազմաձևում», -գրում է հեղինակը` նկատելով, որ Ղազախի շրջանի նախկին անկլավների փոխանցումն Ադրբեջանի վերահսկողությանը  կասկածի տակ կդնի Վրաստանի հետ հաղորդակցային կապը, իսկ Արարատյան դաշտի արևելյան մասում գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղի կորուստը Երևանի հաղորդակցությունը Վայոց Ձորի և Սյունիքի հետ վերջնականապես կախվածության մեջ կդնի հարևանների «բարի կամքից»:

Այնուհետև փորձագետն անդրադարձ է կատարում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի` մայիսի 19-ին Telegram ալիքում հրապարակած փաստաթղթին, ըստ որի` Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև ստեղծվելու է եռակողմ հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և հետագա սահմանազատման վերաբերյալ: Նախկին դեսպանի պնդմամբ` փաստաթուղթն ունի գաղտնի հատված` չհաշված Փաշինյան-Ալիև կուլիսային պայմանավորվածությունները:

«Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը ստիպված է եղել հաստատել փաստաթղթի իսկությունը` փորձելով այն ներկայացնել որպես 100 տոկոսով շահավետ Հայաստանի համար և հերքելով դրա գաղտնի հատվածի առկայությունը: Սակայն հաշվի առնելով «վարչապետի», մեղմ ասած, համբավը նրա հայտարարությունների` իրականությանը համապատասխանելու տեսանկյունից, հանրության շրջանում, հատկապես ընդդիմության մոտ, հարցերը միայն ավելացել են: Շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, որ տարածքների հանձնման մասին պայմանավորվածություններն Ալիևի հետ ձեռք են բերվել դեռևս հունվարին, իսկ հիմա մի քանի հարյուր զինծառայողի ներխուժումը ՀՀ սուվերեն տարածք, Փաշինյանին ռեժիմին դրդում է  մինչ հունիսի 20-ը հարկադրաբար իրագործել դրանք»,-գրում է Արեշևը` նկատելով, որ այս ամենի ֆոնին հայկական իշխանությունները ստեղծված իրավիճակում փորձում են սլաքներն ուղղել ՌԴ-ի կողմը` հայտարարելով, որ նա չի պաշտպանում ՀՀ սահմանները:

Հոդվածագիրը մեջբերում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքն առ այն, որ Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները Բաքվի վերահսկողությանը հանձնելուց հետո այս լեռնային տեղանքում պաշտպանական դիրքերն այդպես էլ հավուր պատշաճի չեն կահավորվել: 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո «թշնամու ներթափանցումը բացառելու համար մեզ համար ամենակարևոր բարձունքները, ամենակարևոր տարածքները չեն վերցվել Հայաստանի զինված ուժերի անմիջական հսկողության տակ», նկատել է փորձագետը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ին դիմելու հարցին` Արեշևը գրում է, որ «լիովին ձախողված  դիվանագիտության և գործընկերների հետ վստահելի հարաբերությունների բացակայության պայմաններում, դա դարձավ հերթական անիմաստ և բավականին սադրիչ քայլը»:

«Մինչ Մոսկվան (որի ազդեցության մակարդակը Բաքվի նկատմամբ պետք չէ գերագնահատել) փորձում է հարցը լուծել քաղաքական-դիվանագիտական միջոցներով, հայկական կողմից ռուս խաղաղապահների հիպոթետիկ  ներգրավումը կոնֆլիկտին Բաքվին և Անկարային կտա Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը պահանջելու նրանց այդքան անհրաժեշտ առիթ: Չի բացառվում, որ հաջորդ օրինաչափ քայլը կլինի  տարածարջանում արդեն թուրք «խաղաղապահների» տեղակայում, քանի որ Արցախյան վերջին պատերազմի արդյունքները` Անդրկովկասում հետագա էքսպանսիայի տեսանկյունից գոհացուցիչ չեն Թուրքիայի համար: Եվ դժվար թե կարելի է կասկածել, որ այն ուժերը, որոնք հետևողականորեն քանդել են պետությունը, պատրաստել և մոտեցրել են Լեռնային Ղարաբաղում «ծրագրված պարտությունը», Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում կամ Արարատում խաղալու են սկզբունքորեն այլ, ոչ պարտվողական սցենար:

Մայիսի 18-21-ն անցկացված հարցումների համաձայն` քաղաքացիների միայն 38,3%-ն է կարծում, որ սահմանների պաշտպանության հարցում Հայաստանը կարող է Ռուսաստանի Դաշնության և Վլադիմիր Պուտինի ռազմաքաղաքական օգնության հույս ունենալ, 31,3%-ը նշել է Ֆրանսիան, 23,8%-ը` ԱՄՆ-ն: Ժամանակ առ ժամանակ հայտարարություններ են լինում Հայաստանում ամերիկյան, ֆրանսիական կամ նույնիսկ չինական ռազմաբազա տեղակայելու ցանկալիության մասին: Խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանը, լինելով թույլ և անվստահելի դաշնակից` շնորհիվ «մեր պետականությունը կազմաքանդելու հանձնաժողովի» (Դ. Շահնազարյանի արտահայտություն), դժվար թե անփոխարինելի համարվի Վաշինգտոնի, Փարիզի կամ Պեկինի համար»,-ենթադրում է փորձագետը:

Վերադառնալով սպասվելիք ընտրությունների թեմային` Արեշևը նկատում է, որ վստահությունն առ այն, որ ընտրությունների արդյունքներով իշխող ռեժիմը կկորցնի իշխանությունը, երևում է, դանդաղ, բայց կայուն աճում է:

«Համապատասխանաբար, մոտ հեռանկարում բացառված չեն սցենարներ, որոնք կոչված են առավելագույնս լուծելու հայկական ուղղությամբ Բաքվի ընթացիկ խնդիրները, այդ թվում` տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքը», որն ունի ոչ միայն տնտեսական, այլ նախևառաջ ռազմաքաղաքական նշանակություն: Երկարաժամկետ նպատակն ակնհայտ է. Ռուսաստանի վերջնական վտարում տարածաշրջանից, ինչպես նաև որոշ արևմտյան ուժային կենտրոնների կողմից հովանավորվող և Կովկասում գերիշխող թուրք-ադրբեջանական դաշինքին Հայաստանի մնացած մասի վերջնական ինտեգրում»,-եզրափակել է հեղինակը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.