Ինչ կապ ունի 5165 կուսակցությունը Աննա Հակոբյանի հետ. ԼՈՒՐԵՐ․com

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նոր ստեղծված ուժերի շարքը համալրեց նաև 5165 շարժումը։ Այս կուսակցությունում ընդգրկված են նաև մարդիկ, ովքեր որոշակի կապեր են ունեցել կամ ունեն հեղափոխական իշխանությունների հետ։ Նրանցից մեկը «Իմ քայլը» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն է, որը պատերազմից հետո հայտարարեց իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու, ապա՝ 5165 շարժմանը միանալու մասին։  Թե ինչպե՞ս ստացվեց, որ իշխանությունների օրոք պաշտոն զբաղեցնող Հովհաննես Ղազարյանը հայտնվեց ընդդիմադիր դաշտում՝ փորձեցինք պարզել հենց նրանից։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Հովհաննես Ղազարյանն անդրադառնալով 5165 շարժմանը միանալուն՝ նշեց, որ շարժման նպատակն է վերականգնել համերաշխության մթնոլորտը, վերջ տալ այս ազգակործան բևեռացմանը, համախմբել կարող և կոմպետենտ մարդկանց ներուժը․ «5165-ի շուրջ հավաքվել են մարդիկ, որոնք ունեն պատրաստակամություն ու վճռականություն իրենց ողջ ժամանակն ու մասնագիտական կարողությունները, կենսափորձը ներդնել հանուն երկրի վերականգնման ու զարգացման: Միավորվել ենք դրական ու շոշափելի փոփոխություններ բերելու նպատակով»,- նշեց նա։

Հաշվի առնելով այն, որ Հովհաննես Ղազարյանի դեպքում քաղաքական բևեռի լրջագույն փոփոխություն եղավ՝ հետարքրքվեցինք՝ ինչպե՞ս է պատկերացնում «Իմ քայլ»-ի հիմնադրամից հետո ընդդիմադիր դաշտում իր գործունեությունը՝ պատասխանեց․ «Հիմնադրամում զբաղվել եմ բացառապես մասնագիտական գործունեությամբ, իսկ հեռանալու պատճառների մասին արդեն իսկ հանդես եմ եկել հայտարարությամբ, որը կարող եք գտնել իմ ֆեյսբուքյան էջում»,- նշեց Ղազարյանը։

 

Հիմնադրամից հեռանալու որոշման մասին տեղեկացնելիս դեռևս դեկտեմբերի 30-ին Հովհաննես Ղազարյանը նշել էր, որ այն պայմանավորված և հիմնավորված է պետության զարգացման, ապագայաստեղծ ծրագրերի ու պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ պատկերացումներով։ Նշել էր նաև, որ ունի սկզբունքային անհամաձայնություններ երկրում ընթացող քաղաքական գործընթացների, ստեղծված աղետի շուրջ օրակարգ բերվող պատճառաբանությունների հետ: Դիտարկմանը՝ արդյոք պատերազմից հետո ստեղծված իրավիճակը պատճառ դարձավ հիմնադրամից հեռանալուն, թե՞ հիմնադրամում խնդիրներ կային և այդ ինչ  անհամաձայնությունների մասին է մատնանշել, քանի որ ինչպես հայտնի է մտերիմ և վստահելի մարդ էր Աննա Հակոբյանի համար՝ Ղազարյանը պատասխանեց․ «Մասնագիտական դաշտում մենք ունեցել ենք փոխվստահելի հարաբերություններ, իսկ հեռանալու պատճառների մասին, կրկնում եմ, կարող եք մանրամասն ծանոթանալ անցած տարվա նոյեմբերի 16-ին և դեկտեմբերի 30-ին արված հայտարարություններում»,- ասաց նա։

Նկատենք՝ վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ նորաստեղծ ուժերը իշխանականների կամ ընդդիմադիրների հետևում գործող կուսակցություններ, շարժումներ են, որոնք միտված են՝ նրանց շահերը առաջ տանելու: Չնայած Ղազարյանը բացառեց այս հանգամանքը, սակայն այսպիսի կարծիքներ համացանցում եղան նաև 5165 շարժման պարագայում՝ այն կապելով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ, որպես վերջինիս հովանավորությամբ գործող շարժում։ 

 

Թե ի՞նչ ապագա կունենա շարժումը և արդյոք հնարավո՞ր է այն լինի հերթական կուսակցություն, որի առաքելությունը կավարտվի ընտրություններին մասնակցելով, ապա Ղազարյանը նշեց․ «Շարժման նպատակը շատ ավելի վեր է, քան զուտ քաղաքական գործընթացներին մասնակցելը։ Մենք նպատակ ունենք մոբիլիզացնել կարող ներուժը մեր առջև ծառացած մարտահրավերներին և կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ գտնելու համար»,- նման չեզոք պատասխան տվեց Ղազարյանը՝ այդպիսով 5165-ը չդիրքավորելով ընդդիմադիր բևեռում։

Սոնա Հարությունյան

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.