ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 140-րդ հոդվածով, ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս գործընթացն անհրաժեշտ է ԱԺ-ն արձակելու և հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: 

ՀՀ ԱԺ նախագահ արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-ին  հրաժարական է տվել ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ։ Փաշինյանը հիշեցրել է, որ մարտի 18-ին Հանրապետության նախագահի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումների արդյունքներով հայտարարել է հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին։ ՀՀ գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և խորհրդարանը 2 անգամ վարչապետ չի ընտրում։ Սրանից հետո Ազգային ժողովն իրավունքի ուժով համարվում է արձակված, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.