Սրճարանում պաշտոնյայից զենքը և համազգեստը խլում են, ես չեմ տեսել այդպիսի կարգ. Վարդան Աթաբեկյանը՝ Բորիս Ավագյանի ազատման մասին (տեսանյութ)

Բորիս Ավագյանին հրավիրել ենք աշխատանքային այցով, որպեսզի հասկանանք՝ ինչպես կարող ենք աշխատանքային խումբ ձևավորել գերիների մասով և ինչքանով դա արդյունավետ կլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԻՊԾ փոխտնօրեն Բորիս Ավագյանի երեկվա այցին ԱԺ և հանդիպումից հետո աշխատանքից ազատման մասին:

«Չեմ կարող գնահատականներ տալ՝ ինչ աղմկահարույց հայտարարություններ է արել Բորիս Ավագյանը, բայց նրան ԱԺ-ի շենքից դուրս ուղեկցելու ժամանակ իրեն զանգ եկավ ու իրեն ներկայացրին՝ Արայիկ Հարությունյանը ուզում է իրեն ազատել աշխատանքից»,- ասաց Վարդան Աթաբեկյանը:

 

Պատգամավորը նշեց՝ երեկվա իրադարձություններն անթույլատրելի են, քանի որ դրանով հարված է հասցվում ՀՀ Ազգային ժողովի հեղինակությանը:

«Նախ մամուլում հրապարակեցին՝ չի հանդիսանում փոխնախարար, այսինքն՝ ստացվում է ԱԺ պատգամավորները չեն հասկանում, թե ում են կանչում աշխատանքային հանդիպման, և, երևի, մամուլի ճնշման տակ նրանք ուղղեցին և նշեցին՝ 19-ին են ազատել Բորիս Ավագյանին, և անհասկանալի է՝ նման քայլով ինչն են ուզում կանխել, այսինքն, որ այդ աշխատանքային խումբը չստեղծվի՞ և գերիների հարցերով չզբաղվե՞նք, ո՞րն է նպատակը»,- նշեց պատգամավորը:

Նա նաև տեղեկացրեց՝ ինչ պայմաններում են Բորիս Ավագյանին տեղեկացրել աշխատանքից ազատման մասին: Ըստ նրա՝ Ավագյանը դեռ չի տեսել աշխատանքից ազատման դիմումը և ոչնչի տակ չի ստորագրել, այդ իսկ պատճառով չի պատրաստվում մեկնաբանություններ տալ:

«Ես չեմ տեսել այսպիսի կարգ, որ պաշտոնյայի ձեռքից սրճարանում զենք են վերցնում: Իմ աչքի առաջ են եկել համազգեստը, զենքը ու վկայագիրը ձեռքից խլել: Բորիս Ավագյանը չի տեսել իր հրամանը և չի կարող հայտարարություններ անել այս պահին, նա իր հրամանը չի ստորագրել, կա՛մ պետք է կանչեն, կա՛մ պետք է բերեն իր մոտ ինչպես երեկ եկան ու զենքը, համազգեստը խլեցին, նա պետք է իրավիճակին ծանոթանա նոր հայտարարություններ անի»,- ընդգծեց Աթաբեկյանը:

 

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.