Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները չափազանց կարևոր են նաև մեզ համար․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Վրաստանի Նամախվանիի ՀԷԿ–ի շուրջ ծավալվող իրադարձություններին և նշում, որ դրանք կարևոր են Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները գնահատելու համար: Գրառումը՝ ստորև․

 

«Վրաստանի դասը

Վրաստանում Նամախվանի ՀԷԿ-ի շուրջ ծավալվող բարդ գործընթացները թեև ներկայացվում են զուտ էներգետիկ ու բնապահպանական անվտանգության տեսանկյունից, սակայն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական նշանակություն: Ավելին՝ դրանք առավել քան կարևոր են Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները գնահատելու համար:

 

ՀԷԿ-ը կառուցվում է թուրքական ընկերության կողմից, որին, ինչպես հայտնի է, վրացական կառավարությունը 90 տարի ժամկետով փոխանցել է Արևմտյան Վրաստանի խոշորագույն գետի՝ Ռիոնիի օգտագործման իրավունքը: Դրանից բացի, թուրքական ընկերությունը սեփական հայեցողությամբ կարող է շահագործել գետի ավազանի տարածքը՝ 13,4 հազ. քկմ, ինչպես նաև գետի ամբողջ ֆլորան ու ֆաունան: Արդյունքում փաստացիորեն թուրքական ընկերությունը հնարավորություն է ստանում վերահսկելու Վրաստանի ու Ռուսաստանի միջսահմանային գոտին, ինչը չի կարող չանհանգստացնել Վրաստանում թուրքական էքսպանսիայի ռիսկերն օբյեկտիվորեն գնահատողներին: Դա, բնականաբար, չի կարող չանհանգստացնել նաև Մոսկվային, որը դեռևս սահմանափակվում է փորձագիտական կոշտ գնահատականներով:

Գրեթե ամենօրյա ռեժիմով Վրաստանում անց են կացվում բազմահազարանոց բողոքի ակցիաներ (Քութաիսիում մասնակիցների թիվը գերազանցել է 15 հազարը), որտեղ այլևս հնչեցվում են ոչ միայն բնապահպանական, այլ նաև՝ քաղաքական ու առանձին դեպքերում՝ հակաթուրքական դրույթներ:

Պատահական չեն վերջին շրջանում թուրքական ու ադրբեջանական մամուլում պարբերաբար հրապարակվող նյութերը՝ Վրաստանում «հակաթուրքական հիսթերիայի» գեներացման մասին: Վերջերս էլ խնդիրը տեղափոխվեց դիվանագիտական դաշտ, ինչի վառ դրսևորումներից է Վրաստանում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը՝ ուղղված ՀԷԿ-ի կառուցման տարածքում ցուցարարների կողմից քրիստոնեական խաչի տեղադրման դեմ: Հետևաբար, Նամախվանի ՀԷԿ-ն այլևս սոսկ տնտեսական նախագիծ չէ, այն ձեռք է բերել ընդգծված մշակութային, անգամ քաղաքակրթական նշանակություն: Ցուցարարների շարքերում վրաց հոգևորականների մշտական ներկայությունը դրա վառ ապացույցներից է:

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները չափազանց կարևոր են նաև մեզ համար:

Դրանք ցույց են տալիս Թուրքիայի հետ խորը տնտեսական ինտեգրման իրական հետևանքները:

Ոչ միայն հացիվ:

Այս ճշմարտության վրա է պետք կառուցել Հայաստանի ապագան»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.