Ուկրաինան հակաահաբեկչական վարժանքներ է անցկացնում Ղրիմի հետ սահմանին

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը լայնածավալ հակաահաբեկչական վարժանքներ է իրականացնում Ղրիմի սահմանին գտնվող Խերսոնի շրջանում: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհուրդը նախկինում մտավախություն էր հայտնել, որ Ուկրաինան Միացյալ Նահանգների աջակցությամբ կարող է պատերազմ հրահրել Ղրիմում: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Ղրիմի «տարածաշրջանի ծովափնյա գոտուն, ինչպես նաև ժամանակավորապես գրավյալ տարածքների վարչական շրջաններին»: Զորավարժություններին մասնակցում են Ուկրաինայի անվտանգության ծառայության, Ուկրաինայի զինված ուժերի, պետական սահմանային ծառայության, ազգային ոստիկանության և հատուկ տրանսպորտի պետական ծառայության ստորաբաժանումները:

«Զորավարժությունների մասնակիցները տարածաշրջանի ծովափնյա ափամերձ բնակավայրերում համատեղ ռեժիմային սահմանափակման միջոցառումներ են իրականացնում: Վարժանքներն անցկացվում են Ուկրաինայի գործող օրենսդրության պահանջներին խիստ համապատասխանությամբ  և մարդու իրավունքների և ազատությունների անվերապահ հարգանքով»,-հավելել են անվտանգության ծառայությունում: Վարժանքների տևողությունը չի հստակեցվում:

Զորավարժություններն անցկացվում են Ուկրաինայի հարավ-արևելքում սրվող հակամարտության ֆոնին: Տարեսկզբից Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը տասնապատկվել են: Կիևը Մոսկվային մեղադրել է ուկրաինական սահմանին զորքեր տեղակայելու համար: Ըստ Կիևի, Ուկրաինայի արևելյան սահմանի մոտ ռուսական զորքերի թիվը գերազանցել է 40 000-ը, նույնքան տեղակայված է Ղրիմում: Կրեմլը հայտարարել է, որ ռուս զինվորականների տեղաշարժը արձագանք է Ուկրաինայում տիրող անհանգիստ իրավիճակին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.