Հայաստանն Իրանում առևտրային կցորդ կունենա

Այսօր Կառավարությունն ընդունեց «Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով պայմանավորված պետական բյուջեում սպասվում է ծախսերի և եկամուտների փոփոխություն։

 

Ըստ նախագծի՝ ներկայումս միտում կա ընդլայնելու առևտրատնտեսական համագործակցության ոլորտները, ակտիվացնելու փոխադարձ այցերը և համատեղ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև գործակցել ԻԻՀ ավանդական գործընկերային նահանգների և ԻԻՀ այլ խոշոր նահանգների ու քաղաքների հետ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ վերջին ժամանակահատվածում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքներով ներկայումս աշխատանքներ են իրականացվում հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2020 թվականին կազմել է 400,2 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ արտահանումը Հայաստանից Իրան կազմել է 84,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 315,4 մլն ԱՄՆ դոլար:

Այսպիսով, Հայաստանից Իրան կգործուղվի համապատասխան պաշտոնյա գիտակ անձ՝ առևտրական կցորդ, որը պատշաճ և մշտական հիմունքներով կարող է ապահովել Հայաստանի տնտեսվարողների շահերի պաշտպանությունն իրանական շուկայում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.