Գողացել են ՌԴ քաղաքացու պայուսակը՝ 8.000 ԱՄՆ դոլարով․ հետախուզվողը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՌԴ քաղաքացի հանդիսացող կնոջից առանձնապես խոշոր չափերով բացահայտ հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը, ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը բացահայտ հափշտակելու նախնական դիտավորությամբ, 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենց փողոցում գտնվող ավտոշուկայում ՌԴ քաղաքացի հանդիսացող կնոջ ուսից բացահայտ հափշտակել է նրա պայուսակը, որում եղել է 8.000 ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ, բանկային քարտեր, բնակարանի բանալիներ և այլ փաստաթղթեր, որից հետո դիմել է փախուստի՝ կնոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 3.836.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Հաջորդ օրը՝ հուլիսի 25-ին, 41-ամյա տղամարդը լքել է Հայաստանի Հանրապետությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2019թ. դեկտեմբերի 25-ին որոշում է կայացվել՝ 41-ամյա տղամարդուն  ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում։

2020թ. սեպտեմբերի 12-ին վերջինս հայտնաբերվել է ՌԴ ՆԳՆ Վորոնեժի մարզի Գրիբանովսկի տարածքային մարմնի իրավապահ մարմնի կողմից և ձերբակալվել։

2021թ. հունվարի 23-ին 41-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն,  նրա նկատմամբ ընտրված կալանավորումը վերահաստատվել է։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.