Արցախի ԱԽ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ պետությանը 100․000․000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ. ԱՀ դատախազություն

ԱՀ անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100․000․000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը:

 

«Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնում ենք, որ ԱՀ անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 08․02․2021թ․ ԱՀ դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ 2020թ․ հոկտեմբեր ամսում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100․000․000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։

Նույն օրը քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, որը վարույթ է ընդունվել և գտնվում է նախաքննության փուլում»,- նշվում է հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ նշված ժամանակահատվածում Արցախի անվտանգության խորհուրդը ղեկավարել է Սամվել Բաբայանը: Մամուլն արդեն անդրադարձել էր պետությանը խոշոր վնաս հասցնելու առթիվ քրեական գործին, ինչից հետո Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հանդես էր եկել հերքմամբ. 

«Հանրությանն իրազեկելու նպատակով պարզաբանում ենք, որ Սամվել Բաբայանը՝ որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, ֆինանսական ռեսուրսների տնօրինում երբևէ չի իրականացրել: Արցախյան երկրորդ պատերազմի օրերին, ԱՀ Կառավարության որոշմամբ, Անվտանգության խորհրդի գրասենյակին նպատակային ծախսերի համար հատկացվել է հարյուր միլիոն ՀՀ դրամ: Սույն հատկացման և ծախսերի հոդվածների վերաբերյալ պատշաճ հաշվետվությունը ԱՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմը ներկայացրել է ԱՀ պետական լիազոր մարմին:

Քննարկվող հոդվածը պատվիրած և ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ԱՀ պետական գույքի տնօրինման արդյունավետությամբ «մտահոգ» անձինք, իրականում պետք է մտահոգվեն իրենց մեծածավալ վարկերը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ պետական բյուջեի միջոցներով մարելու փաստերի առթիվ»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.