Ադրբեջանն ինտիմ բնույթի անձնական տեսանյութերը դարձրել է ընդդիմադիրների նկատմամբ ճնշման նոր «գործիք». Le Monde

Ֆրանսիական Le Monde պարբերականի թղթակից Փոլ Տավինյոն ծավալուն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով  Ադրբեջանում ձևավորված պրակտիկային, համաձայն որի՝ ընդդիմադիր գործիչներին ճնշելու նպատակով երկրի իշխանությունները, նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, նոր արշավի են ձեռնամուխ եղել: Նրանք սկսել են քաղաքական շանտաժի ենթարկել իրենց հակառակորդներին՝  սպառնալով հրապարակել նրանց մասնակցությամբ ինտիմ բնույթի անձնական տեսանյութերը: 

Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը. 

««Մեծ Եղբայրը» տեղափոխվել է ադրբեջանցի ընդդիմադիրների ննջասենյակ և սոցիալական ցանցերում կիսվում է սեքսուալ տեսարաններ պատկերող տեսանյութերով՝ «սեքսթեյփերով»: Հրապարակվել է նման բնույթի տեսանյութերի, մերկ լուսանկարների և անձնական նամակագրության շարք, որոնք ավելի ու ավելի հաճախ են հայտնվում Telegram-յան ալիքներում կամ Facebook-յան օգտահաշիվներում: Շատ հաճախ տեսանյութերը նկարահանվում են թաքնված տեսախցիկներով, որոնք տեղադրվում են զոհերի բնակարաններում՝ առանց նրանց իմացության: 

Նշվում է՝ տարեսկզբից առնվազն 10 կին արդեն իսկ դարձել է նման արշավի զոհ՝ համեմատած 2020-ի 15-ի հետ:

Le Monde-ի տեղեկություններով՝ վերջին 3 նման դեպքը տեղի է ունեցել մարտի վերջին և ուղղված է Իլհամ Ալիևի ռեժիմի հակառակորդների դեմ:

Ադրբեջանի ժողովրդական ճակատի ակտիվիստ Լաչին Վելիևը, որն անազատության մեջ է մարտի 20-ից, ուշաթափվել է, երբ քննիչները նրան ցույց են տվել մի տեսանյութ, որում պատկերված է եղել նրան ինտիմ կյանքը իր կնոջ հետ: Դեպքից հետո նա համաձայնել է ստորագրել ցանկացած խոստովանություն՝ պայմանով, որ տեսանյութը չհրապարակվի:

Հոդվածի հեղինակը մանրամասնում է, որ մարտի 28-ին Ալիևի ռեժիմի հերթական թիրախն է դարձել երկրի  «Ազգային խորհուրդ» ժողովրդավարական ուժերի առաջնորդ նախագահ Ջամիլ Հասանլին: Համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում ցուցադրվում էին նրա դստեր սեռական կյանքին առնչվող կադրեր: Ընդդիմադիրն անմիջապես մատնանշել է Ալիևին և ընդգծել՝ նա այդ հրապարակումները որպես «քաղաքական շանտաժ» է կիրառում, որպեսզի ստիպի իրեն հրաժարվել քաղաքական գործունեությունից: 

Մարտի 30-ին Ֆրանսիայում բնակվող փախստական ընդդիմադիր բլոգեր Մուհամեդ Միրզալին ևս նշել էր, որ իրեն շանտաժի են ենթարկել` Ադրբեջանում մնացած իր քրոջ ինտիմ տեսանյութերը հրապարակելով:

Միրզալին անգամ կասկած չունի, որ իր քրոջ «անձնական կյանքի դեմ ուղղված այս հանցագործությունը Ադրբեջանի պետական գաղտնի ծառայությունների ձեռքի գործն է»:

«Սա ընդամենն ալիևյան կլանի քննադատողների դեմ կիրառվող ռեպրեսիաների մեթոդներից մեկն է: Դրանք երկար ժամանակ օգտագործվել են, բայց վերջին շրջանում ինտիմ տեսանյութերի օգնությամբ շանտաժը սրվել է»,- ընդգծել է նա:

Le Monde-ի թղթակցի տեղեկություններով՝ տարբեր ծառայություններ որոշակի տեղեկություններ փոխանցելու համար երկրի բջջային կապի օպերատորներն օգտագործում են օբսեսիվ վերահսկողության տեխնոլոգիաներ, ինչպիսիք են «սև արկղերը»: 

«Դրանցից մի քանիսն ուղղորդված են եղել Ադրբեջանի երկու գերատեսչությունների՝ ներքին գործերի և կապի նախարարությունների կողմից»,- ասված է հոդվածում: 

Ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանություններին, ապա Le Monde-ը գրում է՝ վերջիններս հերքում են իրենց մասնակցությունը միջադեպերին, նշելով՝ քաղաքացիների ներկայացրած բողոքները հետաքննության փուլում են: 

Մարտի 30-ի դեպքի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության պատգամավոր Էլվար Միրզաօղլուն և նշել՝ ինքը լքում է իշխաող կուսակցությունը և միանում է Ջամիլ Հասանլիի կուսակցությանը:

«Ես խիստ անհանգստացած եմ՝ կուսակցությունը, որի անդամն եմ համարվում նաև ես, լռում է նման հրեշավոր արարքների մասին: Ես արդեն մտահոգված եմ իմ երեխաների ու հարազատների համար», - գրել է նա ու նշել՝ Ադրբեջանն այնպիսի պետություն է, որն անձնական գաղտնիքը պաշտպանելու փոխարեն այն դարձնում է հանրային»: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.