«Զանգահարել եմ ՌԴ նախագահին և ասել, որ մենք ուզում ենք հրադադար Ադրբեջանի տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով». Փաշինյանի խոսնակը նրա ելույթի տեքստը խմբագրած է հրապարակում՝ առանց Ադրբեջան բառի

Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը, խոսելով պատերազմի մասին, հայտարարել է. «Զանգահարել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին և ասել, որ մենք ուզում ենք հրադադար Ադրբեջանի տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով»:

 

Սա ամբիոնից արված իր խոսքն է, որտեղ օգտագործել է «Ադրբեջան» բառը, այնինչ քիչ անց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ելույթի այդ հատվածը խմբագրված, առանց՝ «Ադրբեջան» բառի:

ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

 

«Տեղի է ունեցել հետևյալը. վերլուծելով իրադրությունը և խորհրդակցելով Արցախի նախագահի և Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի:

Այդ կապակցությամբ հրավիրել եմ Անվտանգության խորհրդի նիստ:Ավելին, Անվտանգության խորհրդի այդ նիստին մասնակցել են Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը: Նույն օրը ես հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին և էլի տեղեկացրել եմ նրանց կատարվող իրադարձությունների մասին, կրկնել եմ հատուկ, որ չեմ հրավիրել նրանց հետ պատասխանատվություն կիսելու կամ պատասխանատվություն նրանց վրա դնելու համար, հրավիրել եմ ուղղակի տեղեկացնելու համար, թե ինչ է տեղի ունենում:

Որից հետո, համաձայն պայմանավորվածության, զանգահարել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին և ասել, որ մենք ուզում ենք հրադադար Ադրբեջանի  տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով: Մի պայման, որ նախկինում էլ միջնորդների կողմից Հայաստանի Հանրապետությանը առաջադրված է եղել ամենատարբեր ֆորմատներով:

Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ընդհանուր ըմբռնում ենք ձեռք բերել – սա շատ կարևոր արձանագրում է – որ մենք ՌԴ նախագահի հետ նույնկերպ ենք ձևակերպում կամ ունենք իրադրության հաղթահարման ընդհանուր ձևակերպում»:

Մանե Գևորգյանը ավելի ուշ հատվածաբար հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ Ադրբեջանի տարածքներ հատվածում Ադրբեջան բառը խմբագրել ու հեռացրել էր:

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.