Վաղվանից Երևանում, ապրիլի 14-ից՝ մարզերում, կսկսվեն պատվաստումները, «Սպուտնիկ-V»-ով կպատվաստվեն մինչև 55 տ․ քաղաքացիները․ առողջապահության նախարար (տեսանյութ)

Վաղվանից Երևանում, ապրիլի 14-ից՝ մարզերում, կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, թե նշաձող են սահմանել մինչև 700 000 անձի պատվաստում իրականացնել՝ պատվաստանյութերի ձեռք բերմանը զուգահեռ։

 

«Հիմա բաշխման փուլն է ընթանում, վաղվանից կսկսվի «AstraZeneca»-ի, 1-2 օրվա տարբերությամբ՝ «Սպուտնիկ-V»-ի պատվաստումը»,-նշեց նախարարը՝ հավելելով, թե արդեն իսկ կան հերթագրված քաղաքացիներ։

Նա հայտնեց՝ քանի որ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի խմբաքանակը սահմանափակ է, սահմանել են պատվաստվողների խմբեր։ «Դրանք հետևյալն են՝ բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան, խրոնիկ հիվանդներ՝ մինչև 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչներ և աշխատակիցներ՝ մինչև 55 տարեկան»,-ասաց Ավանեսյանը՝ նշելով, թե այս ցուցումները ժամանակի ընթացքում կվերանայվեն։

 

«Երբ կլինեն «Սպուտնիկ-V»-ի նոր խմբաքանակներ, և, միանշանակ, 65-ից բարձր քաղաքացիները ևս կպատվաստվեն «Սպուտնիկ-V»-ով»,-ասաց նա՝ հավելելով, որ ըստ հերթագրման առաջնահերթության էլ կիրականացվեն պատվաստումերը։

Անդրադառնալով իր հայտարարությանը, որ Չինաստանից ևս պատվաստանյութ են ակնկալում, Ավանեսյանը մանրամասնեց․ «Ակնկալում ենք Չինաստանից նվեր ՀՀ-ին՝ «Սինովակ» պատվաստանյութը, առաջիկայում պետք է որ ժամանի, հստակ ժամկետ չեմ կարող ասել»,-նշեց նա։

Նախարարն ընդգծեց՝ պատվաստումը կամավոր է։

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.