Ադրբեջանցիների կրակոցներից հետո գյուղացիները վախենում են գնալ ու աշխատել դաշտերում. Սարուշենի գյուղապետ. Tert.am

Գյուղում խուճապ չկա, բայց միևնույն է՝ մարդիկ վախենում են գնալ և դաշտերում աշխատել՝ չնայած այդ դեպքից հետո կրակոցներ չեն եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Սարուշենի գյուղապետ Կարեն Գասպարյանը:

 

«Հիմա գյուղում, կարելի է ասել, վիճակը կայուն է՝ չնայած տվյալ դաշտավայրի ուղղությամբ, որտեղ կրակել են, մարդիկ չեն աշխատում, քանի որ վախենում են, բայց մյուս դաշտավայրերում գյուղական աշխատանքները շարունակվում են: Ապրիլի 7-ից հետո կրակոցներ չեն եղել, բայց միևնույն է գյուղացիների շրջանում վախ կա, չեն ուզում մոտիկ դաշտավայրեր գնալ ու աշխատել»,- ասաց Գասպարյանը:

Գյուղապետը տեղեկացրեց՝ ճանապարհին որևէ ուժեղացման աշխատանքներ չեն տարվել, ուղղակի ռուսական կողմը ադրբեջանցիներին զգուշացում է արել:

 

«Այդ ուղղություններում որևէ ուժեղացման աշխատանքներ չեն տարվում, միայն ռուս խաղաղապահներն են զգուշացրել ադրբեջանական կողմին: Մենք չենք բացառում, որ վաղը նորից կարող են կրակել, ոչ-ոք չի կարող նման դեպքերը բացառել,  գյուղացիները ևս դա հասկանում են ու դաշտավայր գնալիս գիտեն՝ իրավիճակը 50/50 է»,- նշեց գյուղապետը:

Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին, առավոտյան՝ 9:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրի Ադամ Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է բնակիչներից մեկին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.