Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր. Վարազդատ Լալայանը նվաճեց բրոնզը

Մոսկվայում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Գերծանր քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը երկամարտի 464 կգ արդյունքում նվաճել է արծաթե մեդալը, իսկ Վարազդատ Լալայանը մեծահասակների իր առաջին մեդալն է նվաճել՝ դառնալով ԵԱ-ի բրոնզե մեդալակիր՝ երկամարտի 445 կգ արդյունքով։

 

Գոռ Մինասյանը վստահ կերպով առաջին մոտեցմամբ հրել է 240 կգ։ Նույնքան կիլոգրամը առաջին մոտեցմամբ հրել է նաև Վարազդատ Լալայանը։ Այնուհետև ծանրաձողին մոտեցել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ հրելով 245 կգ։

Երկրորդ մոտեցման համար Գոռը հրել է 248 կգ ծանրաձողը , իսկ Լալայանը մոտեցել է 250 կգ ծանրաձողին ու ցավոք չի կարողացել հաջողությամբ ավարտել մոտեցումը։ Երրորդ մոտեցումը Լալայանը ևս ձախողել է, բայց անկախ այս հանգամանքից, Վարազդատը նվաճել է ԵԱ-ի բրոնզե մեդալը։

 

Ինչ վերաբերում է Գոռ Մինասյանին, ապա վերջինս երրորդ մոտեցմամբ չի կարողացել հրել 252 կգ ծանրաձողն ու ավարտել է ելույթը՝ հրում վարժությունում ևս ապահովելով փոքր արծաթե մեդալը։

5-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Լաշա Տալախաձեն երկրորդ մոտեցմամբ նախ հրել է 253 կգ ծանրաձողը, ապա մոտեցել անհավանական 263 կգ կշռող ծանրաձողին ու դարձյալ նույն թեթևությամբ հրել այն՝ ֆանտաստիկ արդյունք գրանցելով։ Տալախաձեն երկամարտի 485 կգ արդյունքով է նվաճել Եվրոպայի չեմպիոնությունը՝ աշխարհի ռեկորդ սահմանելով։

Հիշեցնենք՝ Գոռ Մինասյանը 216 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, իսկ փոքր բրոնզը բաժին է հասել Վարազդատ Լալայանին՝ 205 կգ արդյունքով։ 222 կգ արդյունքով առաջատարը Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն էր։

   
 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.