Հակոբ Պէրպէրյանն ազատ է արձակվել

Հակոբ Պէրպէրյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ Հակոբ Պէրպէրյանը հայրենադարձ է, որը մասնակցել է Արցախյան պատերազմին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում նոյեմբերի լույս 10֊ի գիշերը Երևանում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների գործով։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրելու մասին հայտարարությունից հետո Երևանում բազմամարդ ակցիաներ են իրականացվել, մասնավորապես, Արցախի մեծ մասն Ադրբեջանին հանձնելու որոշման դեմ պայքարող քաղաքացիները բազմամարդ ակցիաներ են իրականացրել թե՛ ԱԺ-ի մոտ, թե՛ կառավարության և թե կառավարական առանձնատան մոտ։ Ակցիաների մասնակիցների մի մասը մուտք են գործել ԱԺ և կառավարության շենքեր, ինչպես նաև՝ կառավարական առանձնատներ։

Ըստ տարածված տեղեկատվության՝ քաղաքացիներից մի քանիսը կոտրել են կառավարության շենքի պատուհանները և դռները, ԱԺ-ում՝ բռնակներ, իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն՝ կառավարական առանձնատնից անհետացել է օծանելիք, համակարգիչ և այլ իրեր։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կատարելու դեպքերի առթիվ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.