Նիկոլը "քցող" տեսակ է և չեմ զարմանա, եթե նա հրաժարվի ընտրություններից. Վահե Հակոբյան

Միայն Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ է հնարավոր կանխել Հայաստանի կործանումը, վերակառուցել բանակը և ամրապնդել իրապես գործընկերային հարաբերություններն ՀՀ անվտանգության երաշխավոր Ռուսաստանի հետ: Եվ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելը, այլ ոչ թե դրանց բոյկոտելը կարող է օր առաջ բերել դրան: Թեև, հաշվի առնելով Փաշինյանի բոլոր պայմանավորվածությունները խախտելու սովորությունը, չեմ զարմանա, որ նա հրաժարվի ընտրություններ անցկացնելու մտադրությունից: Այս մասին VERELQ-ի «Թեժ գիծ» նախագծի շրջանակում հարցազրույցում հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

-Պարոն Հակոբյան, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և կոնկրետ այս թիմով:

-Այս հարցի վերաբերյալ տարբեր տեսակետներ ու կարծիքներ են պտտվում, որ պետք է բոյկոտել ու չմասնակցել այս ընտրություններին: Սակայն մեր կարծիքը՝ իմ և թիմակիցներիս, կայանքւմ է նրանում, որ եթե մենք չմասնակցենք ու ոչ ոք չմասնակցի, ապա Նիկոլը գնալու է իր 100-200 հազար ժողովրդով անցկացնի ընտրություններ, որից նա կստանա 80 հազարի ձայնը և հետո միջազգային հանրությանը կհայտարարի, որ լեգիտիմ վարչապետ է: Եվ հենց սա էլ իրենից այսօր պահանջում են բոլորը՝ և՛ ռուսները, և՛ եվրոպացիները՝ հաստատել իր լեգիտիմ լինելը:

Ինչ վերաբերում է թիմին, ապա շատ պարզ է՝ մենք բոլորս իրար ճանաչում ենք, աշխատել ենք միասին 2014 թվականից՝ խոսքը Սյունիքի խոշորացված համայնքների ղեկավարների մասին է, բոլորը ընկերներ են ու մարդիկ, որոնք թե՛ իրենց որպես լավ տնտեսավարող են դրսևորել, թե՛ պատերազմի ժամանակ փոխել են համազգեստը զինվորականի ու առաջին օրվանից մինչև հիմա էլ խրամատներում են: Դա այն մարդիկ են, ում հետ դու կարող ես ճանապարհ գնալ ու հանգիստ խղճով վստահել իրենց թիկունքդ:

-Թիմի ընտրության մասով հարցս պատահական չէր՝ հաշվի առնելով Ձեր մտերիմ հարաբերությունները Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ, որի թիմը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ևս մասնակցելու է ընտրություններին:

-Ես ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում դրանում: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ՝ Միքայել Մինասյանն իմ ընկերն է, բայց դա չի նշանակում, որ մենք քաղաքական նույն հայացքներն ունենք:

-Մտավախություն չունեք, որ այսպես կոչված հականիկոլական թիմի առանձին մասնակցելը փոշիացնելու է այդ ձայները:

-Բացարձակ: Հետո հնարավորություն կա կոալիցիա ստեղծելու: Այնպես որ ինչո՞ւ է պետք բոլոր հավկիթները մեկ զամբյուղում հավաքել: Ես կարծում եմ, որ այսպես շատ ավելի առողջ է ստացվելու:

-Այսինքն այս փուլում «հետո»-ի մասին քննարկումներ որևէ քաղաքական ուժի հետ ունեցե՞լ եք:

-Ոչ, բացարձակ:

-Պարոն Հակոբյան, մամուլը գրեց, որ չի բացառվում, որ Դուք ընտրություններին մասնակցեք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով: Որքանո՞վ է դա իրատեսական:

-Մեր կուսակցությունը պատրաստ է համագործակցության բոլոր այն առողջ ուժերի հետ, որոնց օրակարգում կա Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռանալը:

-Փաստորեն չեք բացառում այդ դաշինքը:

-Ես ոչինչ չեմ բացառում: Բայց այսօրվա դրությամբ գնում ենք առանձին վեկտորով:

-Ինչ եք կարծում, այս պահի դրությամբ Փաշինյանը ավելի շատ հաղթելու հավանականություն ունի, թե հեռանալու:

-Ես չեմ կարծում, որ ինքն այսօր շանսեր ունի վերընտրվելու: Համադրելով մի շարք սոցհարցումների արդյունքներ տեսնում ենք, որ Նիկոլն ունի այսօր օբյեկտիվ 20-25 տոկոս ձայն՝ այդ թվում վարչական ռեսուրսով ու իր հիստերիկ դրսևորումներով հանդերձ: Կարծում եմ, որ ինքը, այո, կանցնի խորհրդարան մոտ 15 պատգամավորով, բայց դա իր համար կլինի “մահացու”, որովհետև և՛ ինքը, և՛ մյուսները շատ լավ գիտակցում են, որ եթե ինքը մեծամասնություն չունենա խորհրդարանում, ապա այդ պահից սկսած սկսվելու են բազմաթիվ գործընթացներ օրենքի շրջանակներում իր դեմ: Որը ենթադրում է բազմաթիվ հանձնաժողովների ստեղծում, միջնորդություններ ՀՀ գլխավոր դատախազին, բազմաթիվ ու բազմապիսի քրեական գործեր: Եվ ևս մեկ անգամ ասեմ, որ ես համոզված եմ, որ այդ ժամանակ ի հայտ կգան փաստեր, որոնք թույլ կտան այդ քրգործերը հասցնել իրենց տրամաբանական ավարտին և ունենալ օրինական դատական վճիռներ:

-Իսկ եթե այս սցենարով չլինի ու Փաշինյանը պահպանի իշխանությունը…

-Եկեք “եթե”-ներով չխոսենք… այդ դեպքում երկիրը կգնա վերջնական կործանման: Բայց ես պարզապես բացառում եմ այդ սցենարը:

-Պարոն Հակոբյան, Հայաստանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում, որը միայն պատերազմով չի պայմանավորված: Մասնավորապես, վերջին տարիներին արտաքին քաղաքական բլոկում ունենք անհասկանալի իրավիճակ: Ձեր քաղաքական ուժը ի՞նչ է առաջարկում, ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը արտաքին քաղաքականության մասով:

- Այսօր առավել քան ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը կախված է մեր միակ դաշնակից Ռուսաստանի Դաշնությունից: Մենք դա շատ լավ գիտակցում ենք ու ողջունում ենք այդ դաշնակցությունը: Թուրքիան այսօր առաջ է քաշում Օսմանյան պանթուրքիզմի գաղափարները: Այդ երկրի ներկայիս իշխանությունները շարունակում են այդ գիծը, և դրա առանցքը հետևյալն է՝ չկա ազգ, չկա խնդիր: Եթե Նիկոլի խայտառակ այս քաղաքականությունը շարունակվի, մենք 5-10 տարի հետո արժանանալու ենք Աջարիայի ճակատագրին: Այսինքն թուրքանալու ենք: Եվ դա իրենք անելու են ոչ թե զենքով, այլ այն բոլոր մեթոդներով, որոնք շատ ավելի լավ է իրենց մոտ ստացվում, քան կռվելը՝ թուրքական կապիտալ, ներդրումներ, նույն Ազատ տնտեսական գոտուն մասնակցություն, որ պատրաստվում են բացել այս իշխանություններըև այլն: Եթե այսպես շարունակվի, 5-10 տարի հետո ամբողջ Հայաստանը կունենա Բաթումի ճակատագիրը՝ խոսելու են թուրքերեն ու ի վերջո մեր պետականությունը վերանալու է: Մենք իրավունք չունենք սա թույլ տալու:
Կրկնվեմ՝ այսօր ՀՀ անվտանգության գլխավոր երաշխիքը Ռուսաստանի Դաշնությունն է և մենք դա պետք է պահենք, փայփայենք, բայց ոչ այնպես, որ Հայաստանը լինի ՌԴ-ին ենթակա, ոչ: Հայաստանը պետք է լինի հավասարազոր գործընկեր Ռուսաստանի հետ:

-Իսկ այսօր Հայաստանը հավասար գործընկերային հարաբերություններ ունի՞ ՌԴ հետ:

-Հիմա մենք հավասար չենք, բայց ապագայում պետք է ամեն ինչ անենք, որ մեզ Ռուսաստանը նայի որպես գործընկեր:

-Վերջերս խոսակցություններ են շրջանառվում, որ Ռուսաստանը ռազմաբազա է տեղակայելու նաև Սյունիքի մարզում: Դրա անհրաժեշտությունը որքանո՞վ եք կարևորում և ինչ վիճակ է ընդհանուր առմամբ թիրախավորված Սյունիքում:

-Կարծում եմ, որ այդ հարցը կախված է նրանից, թե որքան շուտ մեր բանակը կվերածնվի բոլոր առումներով, այդ թվում և հոգեբանորեն: Բանակը հյուծված վիճակում է և այսօր ամբողջ Սյունիքի սահմանին բանակը կանգնած չէ, կանգնած են մեր սահմանապահ զորքերը՝ շատ քիչ թվով, ՌԴ սահմանապահ ուժերը և վերջ:
Եթե Թուրքիան շարունակի իր այս ագրեսիվ հռետորաբանությունը, գուցե ռազմաբազայի տեղակայումը արդարացված լինի: Բայց ես հույս ունեմ, որ հենց Նիկոլը հեռանա, երկրի ապագա ղեկավարությունը ամեն ինչ կանի, որ առաջին հերթին բանակը ամրապնդվի ու վերակառուցվի: Բոլորս հասկանում ենք, որ առանց բանակի, առանց անվտանգության ապահովման մենք ոչինչ անել չենք կարող:

-Թվում էր, որ կապիտուլյացիայից հետո երկրի ղեկավարը պետք է հրաժարական տա կամ նրան պետք է պարտադրեն հեռանալ, սակայն հինգ ամիս անց ունենք այն, ինչ ունենք: Ձեր կարծիքով որտե՞ղ է սխալվել կամ թերացել ընդդիմությունը՝ ի դեմս Հայրենիքի փրկության շարժման:

-Մի քանի գործոնի արդյունք է: Նախ, ժողովուրդն այսօր ապատիայի մեջ է, ինչն արդարացված է, քանի որ ժողովրդին խաբել են՝ Նիկոլն եկավ ու խաբեց բոլորին, թեև մի փոքր զանգված կա, որ դեռ նրան հավատում է: Հետո եղավ կորոնավիրուսը, խայտառակ պայքարը COVID-19-ի դեմ, որն այս իշխանություններն ուղղակի տանուլ տվեցին՝ անմիջապես լոքդաուն հայտարարելու փոխարեն իրենք “Այո”-ի քարոզարշավ սկսեցին ու բացեցին չվերթները դեպի Իտալիայի լոուքոսթով, որով էլ առաջին վարակակիրը ժամանեց Հայաստան: Հետո սկսվեց պատերազմը, որը սարսափելի հարված է մեր ամբողջ ժողովրդի համար, որից դեռ երկար ենք մենք ուշքի գալու: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այստեղ ևս ամեն ինչ ոչ այնքան միանշանակ է… կարծում եմ, որ հիմնական պատճառը նրանում է, որ ժողովուրդը դեռ քնած է, բայց մենք տեսնում ենք արթնանալու միտումը: Եվ առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում այդ գործընթացները կարագանան:

-Պարոն Հակոբյան, դիտարկում եք այն տարբերակը, որ Փաշինյանը հրաժարվի արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակից:

-Այո: Նա հանգիստ դա կարող է անել և ես անգամ սպասում եմ նման զարգացում: Եվ առիթ էլ դրա համար շատ փնտրել պետք չէ՝ կասեն կորոնավիրուսով է իրավիճակը պայմանավորված և այլն: Կարծում եմ, այս ավելացած թվերը որոշակիորեն նաև արհեստական են ուռճացվում: Փաշինյան տեսակը այնպիսին է, որ նրա հետ հնարավոր չէ պայմանավորվել, ինքը “քցող” տեսակ է և իր թիմին էլ է “քցելու”, չեմ զարմանա, որ ընտանիքին էլ: Ես բազմիցս նաև իր թիմի անդամներին եմ ասել, որ մի օր բոլորին շպրտելու է առանց ոչ մի վայրկյան մտածելու, ես նախազգուշացրել եմ, որովհետև Փաշինյանը հիվանդ մորթապաշտ է, որից ամեն ինչ սպասելի է:

-Քանի որ խոսեցինք պատերազմից՝ Ձեր կարծիքով, Փաշինյանը բոլոր պայմանավորվածությունները,  որ ստանձնել է և որոնց մասին հանրությունն ամբողջ ծավալով այդպես էլ չտեղեկացվեց, կյանքի կոչե՞լ է, թե դեռ ոչ:

-Ինձ թվում է, որ ոչ: Կարծում եմ, որ պայմանավորվածությունների տողատակերում էլ այդպիսիք կան, որոնք ինքը շարունակելու է կատարել ի օգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի: Դա կանգնեցնելու միակ տարբերակը նրան հեռացնելն է և այս պահին բացառապես ընտրությունների միջոցով. որպեսզի լեգիտիմ ամեն ինչ լինի պետք է գնալ ընտրությունների: Եվ այդ ճանապարհով կապացուցենք բոլորին, նաև մեր հանրությանն ու միջազգային հանրությանը, որ ինքը չունի այսօր լեգիտիմություն ու այն վարկանիշը, որի մասին խոսում են պրոիշխանական կազմակերպությունները՝ հրապարակելով ուղղակի ֆանտաստիկ թվեր:

-Վերջին օրերին, պատահական զուգադիպությամբ ապրիլի 24-ին ընդառաջ իշխանությունները խոսում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու և Թուրքիան այլևս որպես թշնամի չընկալելու անհրաժեշտության մասին: Որքանով սա կազդի իշխանության վարկանիշի վրա:

-Անպայման կազդի: Իմ նշած ժողովրդի արթնանալու գործընթացը, հույս ունեմ, այս իմաստով իր ազդեցությունը կունենա և մենք դա կտեսնենք:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.